Home / Կրթություն / Վերածնունդը անցում է ուզում․ սեպտեմբերի 1-ին ընդառաջ բնակիչները փողոց են փակել

Վերածնունդը անցում է ուզում․ սեպտեմբերի 1-ին ընդառաջ բնակիչները փողոց են փակել

Երևանյան Վերածնունդ թաղամասի բնակիչները փակել էին Մելքոնյան փողոցը. քաղաքային իշխանություններից նրանք անցում են պահանջում։

Երեք տարի անընդմեջ բնակիչները դիմումներ են ուղարկում քաղաքապետերին, որպեսզի երկու խոշոր ճանապարհների միջնամասում կղզիացած թաղամասի համար անցումներ կառուցեն (վերնանցում, գետնանցում, գոնե լուսացույցով կարգավորվող անցում), և մինչ օրս որևէ տեղաշարժ չկա այս ուղղությամբ։

Սեպտեմբերի 1-ը մոտենում է, երեխաներին առնվազն հետիոտնային անցում է հարկավոր, որպեսզի կարողանան դպրոց հասնել։ Նորակառույց թաղամասի 500-ից ավել բնակիչները ամիսներ շարունակ շրջափակման մեջ են ապրում, ելումուտը միայն մեքենայով է։ Նրանց համար սա առաջին ուսումնական տարին է, ինչպես են երեխաները դպրոց հասնելու՝ ոչ ոք չգիտի։