2015 թվականին Գնդևազ գյուղի բնակիչները և երկու հասարակական կազմակերպություններ դիմել էին դատարան. Ամուլսարում հանքի շահագործման նախագիծը նոր էր մեկնարկել, բնապահպաններն ու տեղի բնակիչները պահանջում էին անվավեր ճանաչել անարժանահավատ փորձագիտական եզրակացության հիմքով տրված հանքարդյունաբերական թույլտվությունները։ ՀԿ-ների հայցը՝ գյուղացիներից անջատված, հիմա վարչական դատարանում է։ Սեպտեմբերի 27-ի նիստին ներկա էին փաստաբաններ Նազելի Վարդանյանն ու Հայկ Ալումյանը (հայցվորներ), Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի նախարարությունների, Լիդիան Արմենիա ընկերության ներկայացուցիչները (պատասխանողներ)։
Որպես վկա դատարան էր հրավիրվել 2014 թվականի բնապահպանական եզրակացությունը ստորագրած փորձագետներից մեկը՝ Զարուհի Զուռնաչյանը։ Ժամանակին նա փորձագետ էր աշխատում շրջակա միջավայրի վրա ազդեցությունը չափող ՊՈԱԿ-ում, 2021-ին բռնվել էր հանքարդյունահանողից կաշառք վերցնելուց և ազատվել աշխատանքից։
Դատարանում վկան խոստովանում էր՝ նեղ մասնագիտացում չունի, փորձագիտական եզրակացություն տալուց հիմնվել է նախարարությունից ուղարկված կարծիքների վրա, ինքնուրույն ուսումնասիրություն չի արել, «կարգն այդպիսին է»։
«Մեր հարցերին նրա պատասխաններից դուք տեսաք, որ նա գործից լրիվ անտեղյակ մարդ է։ Նա ուղիղ ասում է՝ այն ամենի վերաբերյալ, ինչի մասին եզրակացություն է տվել, գիտելիքներ չունի։ Նրանք ոչ թե փորձագետի, այլ գործավարի դեր են կատարել։ Հարց է առաջանում՝ եթե դուք նախարարությունից կամ տարբեր նախարարություններից հակասական եզրակացություններ եք ստանում, արդյո՞ք որպես փորձագետ պարտավոր չեք համադրել դրանք, հասկանալ՝ ոնց է ստացվել, որ, օրինակ, միևնույն մարմինը միևնույն հարցով երկու անգամ տվել է իրարամերժ, մի անգամ՝ դրական, մի անգամ՝ բացասական եզրակացություն», – նիստից հետո Epress.am-ին ասել է փաստաբան, բնապահպան Նազելի Վարդանյանը։
Խոսքը, մասնավորապես, Սևանի հանձնաժողովի մասին է։ 2012 թվականի հանձնաժողովը մերժել է Ամուլսարում հանքի շահագործման հայտը՝ մատնանշելով 4 գործոններ (սեյսմիկություն, սողանքների վտանգ, թթվային դրենաժ և այլն)։ Քանի դեռ Ամուլսարը գտնվում է այնտեղ, որտեղ գտնվում է, այս 4 գործոնները չեն փոխվելու։ Բայց հանձնաժողովը՝ հիմնվելով միևնույն հանգամանքների վրա, 2012-ին բացասական եզրակացություն է տվել, իսկ 2014-ին՝ արդեն դրական։
Բնապահպանները հարցնում էին վկային՝ երբ հակասական երկու փաստաթուղթ եք ստանում, չե՞ք մտածում երրորդ կարծիք ստանալու, ինքնուրույն ուսումնասիրություն անելու մասին։ Վերացական պատասխաններից պարզ էր՝ տեղեկությունները վերստուգելու տեսական մեխանիզմեր կան, բայց փորձագիտական ՊՈԱԿ-ը դրանք առանձնապես չի կիրառվում։
«Սա ցույց է տալիս, որ մեր երկրում փորձաքննություն չի արվում։ Մարդ չի հասկանում՝ ինչու է փորձաքննական առանձին կենտրոն ստեղծվել, եթե պետք է զուտ նախարարության ստորաբաժանումների եզրակացությունները կնքեն։ Ինչի՞ ենք մենք այդ կառույցն այդքան մասնագետով հանդերձ պահում, եթե ըստ էության փորձաքննություն չի արվում։ Ինչի համար են այս փորձագետ կոչվածներն աշխատավարձ ստանում, իրենք էլ չգիտեն», – ասում էր Նազելի Վարդանյանը։
Ամուլսարի հանքավայրում այս պահին մեռած վիճակ է։ Հանքարդյունաբերական բոլոր թույլտվություններն ուժի մեջ են, հանքարդյունահանումը տեսականորեն կարող է ցանկացած պահի սկսել։ Բայց շահագործող ընկերությունը նախագիծը մեկնարկելու ռեսուրսներ արդեն չունի։
Epress.am — Ի՞նչ վիճակ է հիմա Ամուլսարում, այնտեղ ինչ-որ պրոցես կա՞։
Նազելի Վարդանյան — Ոչ մի պրոցես չկա։ Իրենք գումար են փնտրում, որպեսզի աշխատանքները սկսեն։
Epress.am — Լիդիանը սնանկացե՞լ է։
Նազելի Վարդանյան — 2020 թվականին Լիդիան Ինթերնեյշնլը, որին պատկանում էին Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը, Օնտարիոյի դատարանում սնանկ է ճանարվել։ Ընկերությունը ոչ թե լուծարվել է, այլ որոշել է վերակազմակերպվել։ Այս պահին դրա ակտիվները պատկանում են երկու տարբեր ֆինանսական կազմակերպություններին, որոնք անկայուն վիճակում են՝ նախագիծը գործարկելու համար գումար չունեն։ Անցած տարվա փետրվարին հուշագիր ստորագրվեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարի, Եվրասիական բանկի և Լիդիան Ինթերնեյշնլի ներկայացուցիչների միջև՝ 250 միլիոն դոլարի ներդրման մասին, որից 100 միլիոնը պետք է ներդներ Եվրասիական բանկը, 50 միլիոնը՝ ինչ-որ հայկական բանկ, իսկ մնացած 100 միլիոնն օդի մեջ էր։ Մինչև հիմա բան չի արվել։ Իրենք, փաստորեն, չեն սկսում այդ գործընթացը, քանի որ ֆինանսական միջոցներ չունեն, ամբողջ տեխնիկան արդեն վաճառել են, և եթե սկսեն՝ սկսելու են զրոյից։ Երևի հենց դրանով է պայմանավորված, որ իրենք Կառավարությանը 12․5 տոկոս բաժնետոմս են նվիրում։ Իսկ մենք գիտենք՝ սնանկ կազմակերպությունից «նվեր ստանալը» ինչ հետևանքներով է հղի։