Աշխատաժամերի կրճատումը 8-ից 7 ժամի կբերի աշխատանքի էֆեկտիվության բարձրացման, մարդկային կապիտալի զարգացման և աշխատանքից հոգնածության, մաշվածության կրճատման։
«Որ ուղին ենք մենք ընտրում՝ զարգանալո՞ւ, թե՞ շահագործելու։ Մարդ եթե ունենա ազատ ժամանակ, նա այդ ժամանակը կարող է տրամադրել սեփական զարգացմանը: Եթե մենք ձգտում ենք, որ մարդը շատ եկամուտ ստանա, դա իր վրա աշխատելու, աճելու ձևով, որակավորումը բարձրացնելով է հնարավոր», – ասել է Սոցապ փոխնախարար Ռուբեն Սարգսյանը «Մեդիա կենտրոնում» կազմակերպված ասուլիսի ժամանակ։
Նա հիշեցրել է, որ 8-ժամյա աշխատանքային օրը ակտուալ էր արդյունաբերական հեղափոխությունից հետո։ Բայց վերջին 150 տարում տեխնոլոգիաները զարգացել են, աշխատանքի տեմպը՝ արագացել, և 8-ժամյա գրաֆիկը վաղուց վերանայվել է շատ երկրներում՝ կամ օրենսդրական փոփոխություններով կամ կոլեկտիվների ներքին որոշումներով։ Ըստ ուսումնասիրությունների՝ դա աշխատանքի որակի վրա միայն դրական է ազդել։
«Կան վերլուծություն, որ երբ մարդը երկար է աշխատում, դա բերում է աշխատանքային խեղման կամ աշխատանքային խնդիրների վատթարացման, մարդը դիմում է սոցալական ծառայությունների՝ բուժսպասարկում և այլն, և ֆունկցիոնալության խնդիր է առաջանում, ինչն ավելի մեծ ծախս է։ Վաղուց ժամանակն է այս հարցը քննարկելու՝ երկարաժամկետ էֆեկտի մասին մտածելով», – ասել է Սաֆարյանը։
Ինչպես է վերահսկվելու աշխատանքային ժամերի կրճատումը
Հայաստանում նույնիսկ գործող 8-ժամյա գրաֆիկը չի պաշպատնվում։ Մասնավոր ոլորտում գործատուները մինչև 12 ժամ էլ են աշխատացնում մարդկանց՝ առանց արտաժամյա աշխատանքի համար հավելավճարներ տալու՝ նկատել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) նախագահ Էլեն Մանգասարյանը։
տե՛ս Աշխատողների շահագործումը՝ MG և City սուպերմարկետների օրինակներով
Վերահսկողական մեխանիզմները թույլ են, գումարած՝ դրանք բավականաչափ չեն գործարկվում։
տե՛ս Գործատուից բողոքելը վտանգավոր է և անիմաստ, ստուգումները՝ ձևական
Անդրադառնալով գործատուներին բողոքներին, թե աշխատաժամերի կրճատումն իրե՛նց է հարվածելու, Մանգասարյանը նկատել է՝ այնպես չի, որ աշխատողները 8 ժամ զբաղված են իմաստալից գործողություններով։ Հաճախ գործի տեղը լինելով աշխատողները ժամանակ են սպանում՝ խոսակցությունների, սուրճ խմելու և այլնի վրա։
«Ավելնորդ ինչի՞ աշխատել, եթե կարելի է 7 ժամում նույն արդյունքը ստանալ», – հարցրել է նա։
Այս փոփոխություններին զուգահեռ, ըստ նրա, անհրաժեշտ է վերանայել նաև նվազագույն աշխատավարձը․ «Ոչ ոք չի կարող այսօր ապրել 62 հազար դրամով։ Նվազագույն սպառողական զամբյուղը չի վերանայվում, և հետևաբար՝ չի վերանայվում նաև նվազագույն աշխատավարձը»։
ՀԱՄԿ-ը ողջունել էր բարեփոխումը՝ հիշեցնելով, որ աշխատաժամերի կրճատում առաջարկելուց առաջ իշխանությունները էապես կրճատել էին նաև ոչ աշխատանքային և տոնական օրերի քանակը։
Արհմիությունը ահազանգել էր՝ աշխատանքային իրավունքների պաշտպանության համար նոր օրենքներ ընդունելը բավարար չէ։ Աշխատողների գերծանրաբեռնվածությունը և այն, որ գործատուները խուսափում են աշխատակազմի ընդլայնումից, փոխարինողներ չեն պահում՝ համակարգային խնդիր է մնում ամբողջ Հայաստանում։
Ավելին՝ վերջին տարիների գնաճը գրեթե չի անդրադարձել աշխատավարձների բարձրացման վրա կամ անդրադարձել է ոչ համաչափ։ Անհավանական ինֆլյացիայի պայմաններում աշխատավարձերը չեն ինդեքսավորվում, և աշխատող աղքատների թվաքանակը Հայաստանում մնում է չափազանց բարձր։
Արհմիությունները քիչ են և չունեն ազդեցություն, աշխատանքի տեսչական մարմինը ստուգումներ կարող է անել միայն անվանական դիմումների հիման վրա, անհատական հայցերով դատարան դիմում են քչերը՝ վախենալով կորցնել գործը և ընկնել երկարատև դատական ծախսերի մեջ։