Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է արտահանձնել ազգությամբ հայ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Էմիլ Թորոսյանին։ Նախորդ շաբաթ քաղաքացին դիմել էր Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ ապաստան հայցելու խնդրանքով։ ՀՀ Դատախազությունը, չսպասելով Միգրացիոն ծառայություն դիմումի հասնելուն և դրա վերաբերյալ վարույթի հարուցմանը, որոշում է կայացրել արտահանձնել Թորոսյանին, ինչը կհանգեցնի նրա՝ մարդու հիմնարար իրավունքների և ազատություններրի մասին Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների կոպտագույն խախտմանը։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը նշում է, որ Էմիլ Թորոսյանը ծագումով հայ է, ունի բոլոր իրավունքները և հնարավորությունները քաղաքացիություն ստանալու և դեռևս սեպտեմբերին քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել։ Սակայն միջոցներ չեն ձեռնարկվել վերջինիս կողմից սկսված երկու իրավական գործընթացների՝ քաղաքացիության ստացման և ապաստանի հարցի լուծման համար։
Իրավապաշտպանները պահանջում են ՀՀ Գլխավոր դատախազությունից անհապաղ դադարեցնել Էմիլ Թորոսյանի արտահանձնման գործընթացը, քանի որ արտահանձնումից հետո ՌԴ-ում նրա նկատմամբ հնարավոր խոշտանգումների համար պատասխանատվություն կկրի նաև Հայաստանի Հանրապետությունը։
Արտահանձնման դեպքում կխախտվի Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը՝ խոշտանգումներից և վատ վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքը, քանի որ պահանջ ներկայացնող պետությունում՝ ՌԴ-ում զանգվածաբար և անպատիժ խախտվում են մարդու իրավունքները, այդ թվում խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքը, հիշեցնում է ՀՔԱՎ-ը։