Home / Շուկա / Ռուսաստանն ու Ամերիկան վերսկսում են բիզնեսը՝ առանց Ուկրաինայի

Ռուսաստանն ու Ամերիկան վերսկսում են բիզնեսը՝ առանց Ուկրաինայի

Սաուդյան Արաբիայում հանդիպել են Ռուսաստանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունները՝ առաջին անգամ ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր։

«Ավելի լավ արդյունք պատկերացնել չէինք կարող», – 4․5 ժամ տևած բանակցություններից հետո հայտարարել է Սերգեյ Լավրովը։

Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել են սկսել «ուկրաինական կարգավորման պրոցեսը»։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշկովի խոսքով, նրանք խոստացել են «հաշվի առնել միմյանց շահերը»։

«Ուկրաինական հակամարտությունը լուծելը հեշտ չի լինի, կողմերը ստիպված կլինեն զիջումների գնալ», – հայտարարել է ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Բանակցություններին Ուկրաինան չէր էլ մասնակցում։ Չէին հրավիրել նաև եվրոպացիներին։

Էմանուել Մակրոնը երեկ հրատապ սամիթ էր հրավիրել Փարիզում՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ նոր զարգացումները։ Եվրոպական երկրները մտահոգված են, որ Թրամփը իրենց դուրս է մղելու կարգավորման գործընթացից։ Հրատապ սամիթին կոնկրետ ոչինչ չի որոշվել․ հաղորդվել է միայն, որ Եվրոպան շատացնելու է ռազմական ծախսերը և պահանջելու է անվտանգային հուսալի երաշխիքներ տրամադրել Կիևին։

Էր-Ռիադում այսօրվա բանակցությունների ավարտին ամերիկացի պետքարտուղարն, այնուամենայնիվ, հայտարարել է, թե Ուկրաինական հարցի կարգավորմանը պետք է ներգրավված լինեն բոլոր կողմերը, այդ թվում Եվրամիությունը։ Մինչ այդ Թրամփը հավաստիացրել է՝ Զելենսկին էլ է մասնակցելու։ Բայց թե որ փուլում՝ հայտնի չէ։

Պետքարտուղար Մարկո Ռուբիոյից բացի՝ ամերիկյան կողմից Սաուդիան Արաբիա էին մեկնել նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Ռուսական կողմը ներկայացնում էին արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշկովը և, ըստ «Սիստեմայի», Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։ Ռուսական պատվիրակության կազմում էին նաև ԱԳՆ եվրոպական համագործակցության բաժնի փոխղեկավար Դմիտրի Բալակինը և Կանադայում Ռուսաստանի դեսպանության ներկայացուցիչ Վլադիմիր Պրոսկուրյակովը։

Մոսկվան ՆԱՏՕ-ից խաղաղապահներ չի ուզում

Ուկրաինայից բացի՝ Էր-Ռիադում քննարկվել են նաև ԱՄՆ-ՌԴ տնտեսական համագործակցության առնչվող հարցեր։ Ամերիկյան մամուլը գրում է, որ Թրամփի վարչակազմը մտադիր է վերնայել պատժամիջոցային քաղաքականությունը։

Բանակցություններից հետո Լավրովը նշել է, որ կողմերը պայմանավորվել են հատուկ խմբեր ձևավորել, որոնք կաշխատեն ուկրաինական կարգավորման վրա։Պայմանավորվել են նաև հնարավորինս շուտ դեսպաններ նշանակել։ Քննարկվել է երկու երկրների միջև համագործակցությունը «ամբողջ ծավալով վերականգնելու» հարցը։

Նախքան բանակցությունները Միացյալ Նահանգների նախագահը հեռախոսազրույց է ունեցել ռուս պաշտոնակցի հետ։ Ավելի ուշ տեղեկացրել էր՝ Վլադիմիր Պուտինի հետ մոտ երեք ժամ բանակցել է նաև Սթիվ Ուիթքոֆը։ Թրամփը համոզմունք է հայտնել, որ Պուտինն էլ է ուզում կանգնեցնել պատերազմը։

Հնարավոր է, որ առաջիկայում Պուտին-Թրամփ հանդիպում լինի։ Ուշկովը հաստատել է՝ քննարկել են հարցը, բայց հանդիպման ստույգ ամսաթիվ դեռ չի որոշվել․ «Դժվար թե դա լինի հաջորդ շաբաթ»։

Bloomberg-ը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, ավելի վաղ գրել էր, որ Սպիտակ տունը մտադիր է Ուկրաինայում զինադադարի հասնել մինչև 2025-ի Զատկի տոնը, որն այս տարի Կաթոլիկ եկեղեցին նշելու է ապրիլի 20-ին։

Ըստ Reuters-ի, ԱՄՆ-ն ԵՄ երկրներին փաստաթուղթ է ուղարկել՝ հարցում, թե յուրաքանչյուր երկիր ինչպես կարող է մասնակցել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալու հարցում:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Բրիտանիան պատրաստ է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա․ «Մեծ Բրիտանիան պատրաստ է առաջատար դեր խաղալ [այս հարցում]»:

Արդեն այսօր Լավրովը նշել է՝ Ռուսաստանի ներկայացուցիչները բացատրել են իրենց ամերիկացի զրուցակիցներին, որ Ուկրաինայում ՆԱՏՕ անդամ երկրների խաղաղապահների ներկայությունն անընդունելի է Մոսկվայի համար։

Ուկրաինական կարգավորումն առանց Ուկրաինայի 

Թրամփական Fox News-ի տեղեկություններով, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի եռաստիճան ծրագիր են առաջարկել․ սկզբում զինադադար է հայտարարվում, հետո ընտրություններ են անցկացվում Ուկրաինայում, հետո նոր ստորագրվում է հաշտության համաձայնագիրը։

Այս մասին, ըստ Fox News-ի, խմբագրությանը հայտնել են Սաուդյան Արաբյայում ընթացող բանակցություններին ծանոթ արտասահմանյան դիվանագիտական աղբյուրները։ Նրանց խոսքով՝ Ուկրաինայում ընտրությունների անցկացումը Մոսկվան և Վաշինգտոնը առանցքային պայման են համարում։ Պուտինն այդկերպ փորձում է հասնել նրան, որ Ուկրաինայի նախագահ դառնա «ավելի ճկուն» մարդ, քան Զելենսկին է։ Վերջինիս վերընտրվելու շանսերը Պուտինն ու Թրամփը ցածր են համարում։

Բանակցություններից հետո Լավրովը հայտարարել է, որ նման ծրագրի մասին հաղորդումներ չի տեսել․ «Ես նման տեղեկություն չեմ տեսել։ Բայց այսօր մի հղում եմ հանդիպել Լեհաստանի արտգործնախարար Ռադեկ Սիկորսիի հայտարարություններին, որը Մյունխենի կուլուարներում պատմում է, որ հանդիպել է ԱՄՆ ներկայացուցիչ Քիթ Քելոգի հետ, և Քելոգը տեղեկացրել է իրեն կարգավորման ինչ-որ ծրագրի մասին։ Այնտեղ նշված չէր՝ երեք պունկտ է թե չորս։ <․․․> Ես այսօր հարցրել եմ Ռուբիոյին և Ուոլցին՝ ինչ է այս ամենը նշանակում։ Նրանք պատասխանել են, որ դա ֆեյք է»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան Ռուսաստանի վերջնագրերը չի ընդունելու։ Դրանք, ըստ նրա, նոր չեն՝ պատերազմի ամենասկզբում էլ են առաջադրվել։ Իսկ հիմա, երբ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը քննարկում են Ուկրաինան՝ առանց Ուկրաինայի, Կիևն առավել ևս մտադիր չէ դրանք ընդունել։

Էլ-Ռիյադ Զելենսկուն չեն էլ հրավիրել։ Այսօրվա բանակցությունները նա անակնկալ է որակել։ Ուկրաինայի նախագահը մեկնել է Թուրքիա՝ քննարկելու ռուսական գերությունից ուկրաինացիների վերադարձի, պարենային անվտանգության և Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը։

Reuters-ի տեղեկություններով, այսօր երեկոյան Կիև է ժամանելու Թրամփի՝ Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։