Չեչինյայից փախած և Հայաստանում ապաստանած Այշաթ Բայմուրադովայի հետ կապը կորել է երեք օր առաջ։ Այս մասին ահազանգում են նրա ընկերները։ Դեպքի մասին գրել է, ևս քաղաքական պատճառներով Հայաստան տեղափոխված, ռուսաստանցի ակտիվիստ Դանիիլ Չեբիկինը х.com-ում՝ տարածելով կնոջ լուսանկարը։
Բայմուրադովան կարողացել է լքել Չեչնիան կանանց աջակցող իրավապաշտպանական կազմակերպության օգնությամբ։ Կինը ապաստանել էր Երևանում։ Հոկտեմբերի 15-ին նա դուրս է եկել տնից՝ instagram-ով ծանոթացած ընկերուհու հետ զբոսնելու։ Հետո պարզվել է, որ այդ օգտատիրոջ հետևորդների մեջ կան մարդիկ՝ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրով շրջապատից։
Ընկերները կասկածում են, որ կնոջը բռնի ուժով վերադարձրել են Չեչնիա։ «Նման դեպքեր արդեն գրանցվել են նաև այլ երկրներում՝ Եվրոպայում, Վրաստանում և Ռուսաստանի ռեգիոններում։ Դատելով ամեն ինչից՝ նման բան կարող է պատահած լինել նաև Երևանում»,- գրել է Չեբիկինը։
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Այշատ Բայմուրադովան որոնվում է որպես անհետ կորած։