Home / Ազգային ժողով / Թոշակի փոխարեն վարկ

Թոշակի փոխարեն վարկ

«Հետադարձ հիփոթեքի» մասին

Կենսաթոշակները բարձրացնելու փոխարեն Կառավարությունը թոշակառուներին առաջարկում է կյանքը բարելավել` իրենց գույքը գրավ դնելով բանկերում։ Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը 2026-ի բյուջեի քննակումներին ներկայացրել է «հետադարձ հիփոթեքի» նախագիծը։ Սա հերթական օրինագիծն է, որը բխում է Կառավարության քաղաքականությունից՝ անշարժ գույքը վերածել կապիտալի և այդ կերպ «ակտիվացնել ֆինանսական համակարգը»։ 

«Թոշակառուն կկարողանա դիմել բանկին, նրա գույքը կգնահատվի, նա ամսական համապատասխան գումար կստանա, որը կգումարվի իր կենսաթոշակային, և ինքը կունենա ավելի լայն հնարավորություններ իր կյանքը կազմակերպելու, օրինակ՝ ճանապարհորդելու», — ասել է Թովմասյանը ԱԺ-ում։ 

«Հետադարձ հիփոթեք» կոչվող ինստիտուտի անվան մեջ «հիփոթեք» բառն օգտագործվում է որպես մեղմասացություն է. եթե հիփոթեքային վարկի դեպքում վարկառուն ձեռք է բերում գույք, ապա «հետադարձ հիփոթեքի» դեպքում վարկառուն (և նրա ժառանգները) կորցնում են իրենց ունեցած գույքը։ 

Ըստ օրինագծի՝ թոշակառուի մահվանից հետո նրա գրավադրված տունը տնօրինելու է բանկը։ Եթե բանկը տունը վաճառի բարձր գնով և վարկի մարումից հետո տակը գումար մնա, ավելացած այդ գումարն այն պարտավոր է փոխանցել սեփականատեր թոշակառուի իրավահաջորդներին։Եթե թոշակառուի երեխաները կամ ժառանգները ուզում են պահել տունը, նրանք վեցամսյա ժամկետում պետք է մարեն վարկային ամբողջ պարտքը և բանկից «հետ գնեն» գույքը, որը պիտի ժառանգություն ստանային։ 

Փաստաբան Տիգրան Մուրադյանը Epress.am-ի հետ զրույցում զգուշացրել է՝ այսպիսի գործարքները տարեցների շահագործման վտանգ են ստեղծում։ Ցանկացած պայմանագիր, որ կնքում է թոշակառուն՝ կապված անշարժ գույքի հետ, պետք է հսկվի խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից, պետք է ապահովվեն պաշտպանիչ մեխանիզմներ։ Գործնականում այդ մարմինները զբաղվում են միայն երեխաների խնամքին վերաբերող հարցերով․ օրինակ, ամուսնալուծությունների դեպքում քննում են՝ երեխային հոր թե մոր խնամքին հանձնեն։ Բայց նրանք պետք է քննեն նաև ծերունիներին պաշտպանելու հարցերը՝ այդ թվում՝ նրանց խնամակալներից։ 

«Անշարժ գույքի ոլորտում մի ահավոր վիճակ է առանց այս նոր օրենքի էլ։ Վարկերի պատճառով մարդիկ անընդհատ տուն են կորցնում։ Գրավադրված տները վաճառվում են Հարկադիր ծառայության միջոցով՝ շուկայականից էժան գներով։ Իրավիճակը մեղմելու համար Կառավարությունը սահմանել է, որ պարտապանի «միակ կացարանը» վաճառելու դեպքում նրան պետք է տալ առնվազն 4.9 միլիոն դրամ։ Դա բավարար չէ տուն գնելու համար»,- ասել է Մուրադյանը։

«Հետադարձ հիփոթեքի» ինտիտուտը, ըստ փաստաբան Մուրադյանի, կատարելագործումն է արդեն գործող օրենքի, որով ծերունիների սոցիալական ապահովության հարցը լուծվում է նրանց գույքը կապիտալիզացնելով։ Քաղաքացիական օրենսգրքում արդեն կա «ռենտայի պայմանագիր» ինստիտուտը։ «Ռենտայի պայմանագիր» կնքելով՝ տարեց սեփականատերը իր տունը ժառանգում է նրան, ով պարտավորվում մինչև կյանքի վերջ խնամել իրեն։ Բայց նոտարները պայմանագրի այս տեսակը չեն սիրում կնքել և շատ հաճախ տարեց դիմողներին ուղորդում են պարզապես «նվիրատվություն» ձևակերպել՝ ասելով «դե դուք մնացածը իրար մեջ կպայմանավորվեք»։ 

«Ես ունեմ վստահորդ, որի թոռնիկը խոստացել է խնամել իրեն՝ պայմանով, որ կստանա տունը։ Տատիկը պայմանագիր է կնքել, թոռնիկը տատիկին տնից հանել է, տարել է մի կիսակառույց է տվել, տունը հանել է վաճառքի։ Եթե թոռնիկն է սենց բաներ անում, ի՞նչ երաշխիք կա, որ բանկը և միջնորդը չի անի..», — ասել է Մուրադյանը։ 

«Հետադարձ հիփոթեքի» օրինագծի հիմնավորման մեջ ասված է, որ այս մեխանիզմը լայնորեն կիրառվում է մի շարք զարգացած երկրներում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում։ Այդ երկրներում էլ «հետադարձ հիփոթեքը» մեծ խնդիրներ է ստեղծել։ ԱՄՆ-ում, օրինակ, «հետադարձ հիփոթեք» տվող բանկերը հազարավոր մարդկանց են թողել անտուն, խաբված, դատական գործերի մեջ։ Նման վարկեր տվող ընկերությունների դեմ դատական գործեր կան, օրինակ, ոչ բարեխիղճ մարկետինգով ծերունիներին խաբելով պայմանագիր կնքելու համար, տոկոսադրույքները տարեց տարի բարձացնելու համար, պայմանները չբացատրելու համար։

ԱՄՆ-ում տան գրավով վարկերը կնքվում են հաշվարկով, որ ծերունի սեփականատերը շուտ կմահանա։ Եթե, օրինակ, նա չի մահանում 15-20 տարում, նրա վարկիտոկոսը տարեց տարի ավելանում է՝ երբեմն բերելով այնպիսի պարտքի, որ անգամ տունը ծախելով հնարավոր չի մարել։ ԱՄՆ-ում «Հետադարձ հիփոթեքը» նաև ընտանեկան հարաբերություններն է խարխլում․ օրինակ, երեխաները՝ իմանալով, որ զրկված են ժառանգությունից, նեղանում են ծնողներից։