4 զինծառայողի մահ 2 ամսում՝ խաղաղ պայմաններում։ Պաշտպանության նախարարությունն այս մահերից միայն երեքի մասին է հաղորդել։
19-ամյա զինծառայող Նարեկ Հակոբյանը սպանվել է փետրվարի 26-ին՝ Գեղարքունիքի զորամասերից մեկում։ Սպանության համար մեղադրանք է առաջադրվել նրա ծառայակցին, որն արդեն կալանավորված է։
Տարեսկզբին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 2026 թվականը հռչակել էր բանակում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի տարի․ «Ջանքերն ուղղելու ենք բանակում բիրտ, արատավոր և քրեածին բարքերը բացառելու, կանոնադրային հարաբերությունները, օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքն ու պատժի անխուսափելիության գաղափարն ամրապնդելու նպատակի իրագործմանը»։ Պապիկյանը հայտարարել էր, թե այս ուղղությամբ արդեն շոշափելի արդյունքներ են արձանագրվել։
Նրա ասուլիսից ուղիղ մեկ օր անց՝ հունվարի 14-ին, հայտնաբերվել էր 18-ամյա զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքներով։ Վահանը Վարդենիսում էր ծառայում, 6 ամիս առաջ էր զորակոչվել, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սաներից էր։ Նրա մահից օրեր անց Քննչական կոմիտեից հաղորդեցին, որ քրեական գործ են հարուցել անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով և ձերբակալել են ծառայակցին։
Փետրվարի 7-ին հաղորդվել էր նաև 22-ամյա պայմանագրային Դավիթ Մանուկյանի մահվան մասին։ Քննիչների հիմնական վարկածը կրկին ինքնասպանությունն է։ Մանրամասներ չեն հաղորդվում։ Դավիթը ծառայում էր Կողբի զորամասում, Տավուշի Բագրատաշեն գյուղից էր, մոտ 3 տարի առաջ 5 տարով պայմանագրային ծառայության էր անցել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով։ Դեպքից երկու-երեք օր առաջ տուն էր եկել, հետո վերադարձել էր զորամաս և բարձրացել դիրքեր։ Համայնքապետի խոսքով՝ ծառայությունից չէր բողոքում։
Իրավապաշտպանները վաղուց կապ են տեսնում արձակուրդների և սպանություն-ինքնասպանությունների միջև․ միջադեպերը հաճախ տնից վերադառնալուց հետո են լինում, ենթադրվում է՝ պատճառները կարող են լինել նաև փողի հետ կապված, օրինակ՝ երբ ստիպում են գումար բերել տնից, պարտքի տակ են դնում, խաղամոլություն և այլն։
Փետրվարի 21-ին էլ Սևանի կենտրոնական հրապարակում դանակահարել էին 19-ամյա պայմանագրային զինծառայող Արամ Խաչատրյանին։ Խաչատրյանի մահվան մասին ՊՆ առհասարակ չի հայտնել։ Նախարարությունը նրա մահը դասակարգելու է որպես ծառայության հետ չկապված՝ հիմնավորմամբ, որ դեպքը զորամասից դուրս է եղել։ News.am-ի տեղեկություններով՝ Խաչատրյանը Տավուշի Վերին Ծաղկավանին մոտ գտնվող զորամասում էր ծառայում, զանգել են, կանչել են Սևան․ «Արամն ընկերոջ հետ է գնացել <․․․> ընկերը տեսել է, թե ինչպես է մի երիտասարդ մոտենում Արամին, գրկախառնվում, ապա միանգամից սկսում դանակահարել»։ Սպանության մեղադրանքով ձերբակալել են երկու անձի, ըստ ArmLur-ի՝ հիմնական մեղադրյալն անչափահաս է։
Սովորաբար պաշտպանության նախարարությունը ոչ մահացու միջադեպերի մասին չի հաղորդում։ Բայց տարեսկզբին ՊՆ-ից ստիպված եղան հաստատել՝ փետրվարի 5-ին Նուբարաշենի զորամասի մոտակայքում հայտնաբերել են 22-ամյա պայմանագրային զինծառայող Ավետիք Մկրտչյանին, ծայրահեղ ծանր վիճակում է եղել՝ դաժան ծեծի ենթարկված։ Զինծառայողի հարևանները լրագրողներին պատմել էին՝ Ավետիքին ծեծել են և բերել, գցել չաստի դիմաց։ Նրան հասցրել են հիվանդանոց, մի աչքը հեռացրել են, բժիշկները պայքարում են երկրորդ աչքի տեսողությունը պահպանելու համար։ ՊՆ-ն մանրամասներ չի հաղորդում՝ հիմնավորմամբ, թե «դեպքը տեղի է ունեցել զորամասից դուրս, հետևաբար իրենք այն մեկնաբանել չեն կարող»։ Ըստ Քննչականի, մեղադրանք է առաջադրվել երկու հոգու, նրանցից մեկը կալանավորվել է։
Բանակը փակ կառույց է, հարկադրաբար կամ կամովի զորակոչված տղաների կյանքի և առողջության համար պատասխանատվություն է կրում պետությունը։ Բայց պաշտպանության նախարարը չդադարող սպանությունների, ինքնասպանությունների, պատահարների համար մեղավոր չի համարում ո՛չ իրեն, ո՛չ էլ իրեն ենթարկվող սպայակազմին․ սովորաբար բանակային միջադեպերից հետո քրեական պատասխանատվության են ենթարկվում շարքային զինվորները, ոչ թե նրանց վերահսկող, նրանց համար պատասխանատվություն կրող սպաները։ Սպաների հարցը փակվում է ծառայողական ներքին պրոցեդուրաների շրջանակներում։ ՊՆ-ն ներբանակային մահերի համար մեղավոր է համարում հասարակությանը, որը սխալ է դաստիարակում իր տղաներին։
Սուրեն Պապիկյանը, դատելով տարեսկզբի ասուլիսից, նույնիսկ գոհ է իր ղեկավարած կառույցի աշխատանքից։ Ասում է, որ անցած տարի զինվորական ծառայության հետ կապված հանգամանքներում ընդամենը 6 զինծառայող է մահացել․ մահերից 2-ը որակվել է ինքնասպանություն, իսկ սպանության դեպք առհասարակ չի եղել: Այս վիճակագրությունը նա համարել է «շոշափելի արդյունք»։
Խնդիրը նրանում է, որ Պապիկյանի հրապարակած թվերը կեղծ են։
Իրավապաշտպանները բոլորովին այլ վիճակագրություն են ներկայացնում: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎ) հրապարակած զեկույցի համաձայն՝
2025 թվականին Հայաստանում առնվազն 34 զինծառայող է մահացել, նրանցից 2-ը՝ ԱԱԾ սահմանապահ զորքերում, որոնք ֆորմալ առումով չեն ենթարկվում ՊՆ-ին, թեպետ այնտեղ ծառայում են նաև ժամկետային զինվորներ։ 34 դեպքերից 6-ը ձևակերպվել է որպես ինքնասպանություն, 3-ը՝ որպես սպանություն։ Ինքնասպանության 6 դեպքերից 4-ը և սպանության 3 դեպքերից 1-ը համարվել են ծառայության հետ կապված։
Վիճակագրությունների ակնհայտ անհամապատասխանությունը պայմանավորված է նրանով, որ իրավապաշտպանների ներկայացրած թվերը հիմնվում են ոչ միայն Սուրեն Պապիկյանի, այլ նաև Դատախազության և Քննչական կոմիտեի տվյալների վրա։
«ԱԱԾ սահմանապահ զորքերում ինքնասպանությունների դեպքերը Պապիկյանը չի ներառել իր խոսքի մեջ՝ դա ակնհայտ է, բայց նույնիսկ այդ պարագայում թվերը չեն համընկնում, այո։ Հաշվի առեք, որ որոշ դեպքերի մասին ՊՆ-ն չի հաղորդել, որոշ դեպքեր էլ պաշտոնապես դասակարգել է իբրև «ծառայության հետ չկապված» [և դուրս թողել իր վիճակագրությունից]», — Epress.am-ին ասել է ՀՔԱՎ իրավապաշտպան Նազելի Մովսիսյանը։
«Ծառայության հետ կապված/չկապված»-ի հնարքը նոր չէ։ Քննչականն ու դատախազությունը այդ դասակարգումն անում են «հաշվի առնելով հանգամանքները, առնչությունները, կոնկերտ իրադրությունները»։ Հետագայում կտեսնենք, թե ինչու այդ հիմքերը միշտ չեն համոզիչ։
Բայց խնդիրն այս դասակարգմամբ չի սահմանափակվում: Նախարարությունը որոշ դեպքերի մասին ուղղակի չի հաղորդում: Մահերի մասին իմանում ենք (եթե իմանում ենք) միջնորդավորված և ուշացած՝ Դատախազության կամ Քննչական կոմիտեի տվյալներից։ Մանրամասները շատ հաճախ հասանելի չեն, հետևաբար նաև դժվար է չափել, ստուգել, հավաստել՝ որքանով է կոնկրետ մահը պայմանավորված եղել ծառայությամբ և որքանով՝ ոչ։
2025-ին ոչ մարտական պայմաններում առնվազն 34 զինծառայող է մահացել։ Համեմատության համար՝ 2024-ին ոչ մարտական մահերը 36-ն էին։ Այս տարբերությունը դժվար է համարել շոշափելի արդյունք։
— 34 մահերից 10-ը ձևակերպվել է որպես առողջական խնդիրների կամ հիվանդության հետևանք․
10 դեպքերից 7-ը դասակարգվել են որպես զինծառայության հետ չկապված և ավտոմատ դուրս են մնացել ՊՆ-ի վիճակագրությունից։ Մնացած 3 դեպքերի մասին գիտենք հետևյալը․ պարտադիր ժամկետային զինծառայող Արտակ Վարդանյանը մոտ մեկ շաբաթ բուժկետում անցկացնելուց հետո մահացել է սովորական թոքաբորբից, պարտադիր ժամկետային զինծառայող Վահան Զաքարյանը «հանկարծամահ է եղել» ինֆարկտից, աշխարհազորային Սահմվել Հարապետյանի մահվան պատճառները մինչև հիմա հայտնի չեն։
— Մահերից 6-ը որակվել է որպես ինքնասպանություն։
«Ինքնասպան» զինվորներից երկուսը կցված էին ԱԱԾ սահմանապահ զորքերին, 4-ը՝ ՊՆ ԶՈՒ-ին․ նրանցից 5-ը պարտադիր ժամկետայիններ էին, 1-ը՝ պայմանագրային։
Պարտադիր ժամկետային զինծառայող Էրիկ Բարսեղյանի «ինքնասպանությունը» պաշտպանության նախարարությունը համարել է ծառայության հետ չկապված։ Դեպքի մասին առհասարակ չի հաղորդվել։
Տեղեկությունը հանրայնացվել է ԶԼՄ-ների միջոցով․ հայտնի է, որ Բարսեղյանը 6 ամիս ծառայել է Փամբակում, 10 օրով արձակուրդի է ուղարկվել, արձակուրդից հետո նրան նախատեսել են տեղափոխել Վարդենիսի զորամաս (ըստ հարազատների՝ զինվորը ինչ-որ խնդիրներ է ունեցել, խնդրել է իրեն Վարդենիս չտանել, մերժել են)։ Նրա մարմինը հայտնաբերել են Ալավերդիի բարձրահարկ շենքերից մեկի տանիքում՝ կախված։
Զինվորի մահը քննվում է ծառայության հետ ուղղակիորեն կապված հոդվածով (ՔՕ 162․2․6՝ …զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը), բայց ՊՆ այն համարում է բանակի հետ առնչություն չունեցող, զուտ որովհետև զինվորը կախվել է զորամասից դուրս գտնվող վայրում։
Ծառայության հետ չկապված է համարվում նաև պայմանագրային զինծառայող Հրանտ Գրիգորյանի ինքնասպանությունը։ Պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել, մանրամասներ չկան, հայտնի է միայն, որ նա «ազատ հերթափոխի մեջ է եղել, դին գտել են Վարդաշատ գյուղում՝ իրենց տան թոնրատանը»։ Ինքնասպանության պատճառների մասին ո՛չ իրավապահները, ո՛չ էլ ՊՆ-ն ոչինչ չի հաղորդել, հետևաբար հնարավոր չէ հավաստել՝ դրանք պայմանավորված էին զինվորական ծառայությամբ, թե ոչ։
— Մահերից 3-ը քննվում են որպես սպանություն։
Այս 3 դեպքերից 1-ը դասակարգվել է որպես զինծառայության հետ կապված, 2-ը՝ չկապված։ Նույնիսկ այս մեկ՝ ծառայության հետ կապված դեպքի մասին Պապիկյանը չի հաղորդել, փոխարենը պարծեցել է, թե անցած տարի բանակում սպանություններ չեն եղել։
Զարմանալի չէ։ Պայմանագրային զինծառայող Աշոտ Դիլանչյանի սպանության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել, իմացել ենք ԶԼՄ-ներից: Մահացածի քույրը պատմել է, որ եղբորը դաժանաբար ծեծի է ենթարկել հրամանատար Անաստաս Բաբալարյանը և վերջինիս որդին։ Ծեծից հետո նա հոսպիտալացվել է և մահացել հիվանդանոցում։
Դատախազությունը հաստատել է՝ Դիլչանյանին ծեծել են 2025 թ․ հունիսի 21-ին՝ Սյունիքի Խնձորեսկ գյուղում, նա մահացել է Գորիսի հիվանդանոցում։ ՀՔԱՎ-ի հետ զրույցում սպանված զինծառայողի որդին պատմել է՝ հայրը տանն է եղել, մասնակցել է ընտանեկան հավաքույթի, երբ նրան զանգել է հրամանատար Անաստաս Բաբալարյանը և սկսել է կշտամբել, որ չի գտնվում ծառայության վայրում։ Հեռախոսազրույցի ավարտին՝ մինչ զանգն անջատելը, Դիլանչյանը «օդում, ոչ հասցեական սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել», ինչի պատճառով Անաստաս Բաբալարյանը վերջինիս կանչել է պարզաբանման։ Առաջացած վեճի ժամանակ, ըստ մահացած զինծառայողի հարազատների, հրամանատարն ու նրա որդին ծեծել են զինծառայողին։ Քրեական գործ է հարուցվել անզգուշությամբ մահ պատճառելու և խուլիգանության հոդվածներով, մեղադրանք է առաջադրվել երկու անձի։ Անաստաս Բաբալարյանը և նրա որդին հիմա տնային կալանքի տակ են գտնվում։
Պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել նաև մյուս երկու դեպքերի մասին՝ պայմանագրային զինծառայող Գրիշա Մանգասարյանի և պայմանագրային զինծառայող Արմեն Մուրադյանի։ Երկուսի մահն էլ որպես սպանություն է քննվում, մահվան պահին նրանք զորամասում չեն եղել։
— 8 զինծառայող մահացել է ավտովթարից․
Բոլոր 8 դեպքերը դասակարգվել են որպես զինվորական ծառայության հետ չկապված և չեն հանրայնացվել ՊՆ-ի կողմից:
— Մահերից 4-ը համարվել է դժբախտ պատահար։
Դեպքերից 2-ը դասակարգվել է որպես ծառայության հետ կապված, քանի որ զինվորները մահվան պահին զորամասում են եղել (զինվոր Կարեն Ավետիսյանը հոսանքահարվել է, զինվոր Նարեկ Մարգարյանը մահացել է կայծակնահարությունից): Եվս 2-ը համարվել են ծառայության հետ կապ չունեցող։
— Եվս 3 զինծառայողների մահվան պատճառներն առհասարակ հայտնի չեն։
ՀՔԱՎ-ը ընդգծում է՝ 2025-ին մահացած 34 զինծառայողներից միայն 7-ի մահվան մասին է տարածվել պաշտոնական հաղորդագրություն, ևս 2 դեպքի մասին հաղորդվել է ԶԼՄ-ներում (և դրանից հետո նոր հաստատվել պաշտոնական աղբյուրի կողմից)։ Մյուս 25 դեպքերի մասին տեղեկություն ընդհանրապես չի տարածվել: Փաստացի, դեպքերի մոտ 79 տոկոսը թաքցվել է հանրությունից, այդ թվում նաև այն դեպքերը, որոնք պաշտոնապես դասակարգվել են որպես ծառայության հետ կապված։
Epress.am Լուրեր Հայաստանից