Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրն է: Այս կապակցությամբ հունիսի 6-ին` ժամը 18:15-ին, Թեղուտի պաշտպանության խումբը կազմակերպում է երթ դեպի նախագահական նստավայր, ԱԺ և Կառավարություն: Երթը կմեկնարկի Սիրահարների այգու մուտքի մոտից:
Հնչեցվելու են բնապահպանների 15 պահանջները` ուղղված ՀՀ իշխանություններին, որոնց թվում` «Բացել ՀՀ նախագահական պալատի տակի ոսկու հանքը` Բաղրամյան 26 հասցեով, որով կլուծվի ոսկու պետական պահուստային պաշարների խնդիրը, և այդ ոսկով էլ ծայրեծայր ոսկեզօծել Կառավարական տան վրա նոր կառուցվելիք թմբուկը»:
Facebook սոցիալական ցանցում ստեղծված Don’t Fuck Nature (Մի շինիր բնությունը) խմբի միջոցով բնապահպան Հրայր Սավզյանը հրավիրում է բոլոր ցանկացողներին մասնակից լինել ակցիայի: Վերջինս խոստանում է «բազմազան, բազմագույն և անակնկալներով լի» միջոցառում:
Խմբի անվանումը` մասնավորապես անգլերեն Fuck բառի գործածումը, քննարկման և քննադատման առարկա է դարձել: Օգտատեր Rubina-ն գրում է. «Բարի աշխատանքի համար հարկավոր է խնդրին բարոյական մոտենալ և անվայել արտահայտություններից խուսափել, խնդրում եմ նման արտահայտություններով հրավերներ ինձ չուղարկեք»:
Նման կարծիքներին խմբի նախաձեռնողը պատասխանում է, որ «հումորն ու ցինիզմն էլ երբեմն պայքարի լուրջ զենք կարող են դառնալ»։
Իսկ Anahit-ը ընդհանրապես դեմ է այդ բառը որպես հայհոյանք ընկալմանը. «Բայց ինչի ա հայհոյանք։ Էտ «հայհոյանքի» հետևանքով ամեն օր նոր մարդիկ են ծնվում»։
Օգտատեր Zorik-ը հետաքրքրվել է, թե «ինչու՞ է անգլերեն իրադարձության վերնագիրը: Ինչ որ դժվարություննե՞ր կան այն հայերեն թարգմանելու հարցում»:
Սավզյանը պատասխանել է. «Հայերեն մի քիչ վատ կհնչեր մեղմ ասած, չե՞ք կարծում»:
Zorik. Միթե՞ հայերեն հոմանիշն ավելի ճիշտ չէր արտահայտի երևույթը, հաշվի առնելով, որ անգլերենում տվյալ բառն արդեն վաղուց է կորցրել իմաստային բեռը:
Հրայր. Ավելի ճիշտ կարտահայտեր։ Օրինակ դուք կգրեի՞ք ստեղ։
Zorik. Ես կընտրեի այնպիսի վերնագիր, որ կարողանայի հայերեն գրել, վերջիվերջո միջոցառումը էստեղ է չէ՞ տեղի ունենալու:
Apres. Կարծես թե անգլիախոսներն են «էն բանից անում» մեր բնությունը:
Դրա համար էլ ասում են բնապահպանները դրսից են փող ստանում: «Մի էնբանեք Բնությունը» – ահա ճիշտ թարգմանությունը: Թե Գռեհիկ չի և թե իմաստն է փոխանցում: