Home / Հայաստան / «Կեցցես, պարոն նախագահ». Քոչարյանի երկրպագուները կայք են ստեղծել (տեսանյութ)

«Կեցցես, պարոն նախագահ». Քոչարյանի երկրպագուները կայք են ստեղծել (տեսանյութ)

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այժմ իր «ֆան ակումբն» ունի` ոչ պաշտոնական կայքի տեսքով, որի նախաձեռնող խմբի նպատակը Քոչարյանի «գործունեության հավուր պատշաճի լուսաբանումն է»:

Կայքը իր դոմեյնը գրանցել է մայիսի 10-ին, իսկ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քարոզչական տեսանյութ տեղադրել տվյալ կայքում մայիսի 30-ին: Տեսանյութում Երևանի փողոցներում մարդկանց ուղղված այն հարցին, թե ում եք ուզում տեսնել Հայաստանի հաջորդ նախագահի պաշտոնում, բոլորը ցուցադրվողները միաբերան հնչեցնում են Ռոբերտ Քոչարյանի անունը` ընդգծելով նրա մարդկային հատկանիշներն ու 10 տարիների ընթացքում կատարած աշխատանքը երկրի զարգացման գործում:

Ի դեպ, կայքը մի քանի բաժին ունի` անձնական տեղեկատվություն, ընտանիք, լուրեր: Այս շարքը համալրում է ևս մեկ բաժին, որը կոչվում է «Well Done, Mr. President!» («Կեցցես, պարոն նախագահ): Հատկանշական է նաև այն փաստը, որ կայքի ստեղծողները առանձին բաժիններ են հատկացրել մեդիայի, լուրերի, ԶԼՄ-ների համար: Հավանաբար, իրենք էլ հետագայում կբացատրեն այս բաժինների միջև առկա տարբերությունները:

Ինչպես գրում է ditord բլոգերը, կայքի ստեղծման նախաձեռձնողն է Սուրեն Հովնանյան անվամբ օգտատերը, ով «աշխատում է edram.am-ում, եթե դատենք նրա կայքի գրանցման տվյալներից»:

Կայքի գլխավոր էջում ասված է, որ հունիսի 1-ից` կայքի ամբողջական գործարկումից հետո, տեղադրվելու են Հայաստանի երկրորդ նախագահի ելույթները, հարցազրույցները, լուսանկարները, նրա գործունեության մասին պատմող տեսանյութերը, մարդկանց կարծիքները նրա գործունեության վերաբերյալ, ինչպես նաև տեղեկություններ Քոչարյանի հոբբիների, ընտանիքի անդամների մասին: Բացի այդ, կայքի նախաձեռնող խումբն առաջարկում է բոլորին Ռոբերտ Քոչարյանի մասին պատմող որևէ տեսանյութ ունենալու դեպքում ուղարկել իրենց: