Հունիսի 4-ին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք «Եվրո-2012»-ի ընտրական փուլի Ռուսաստան-Հայաստան խաղի մասին Epress.am-ի հետ զրույցում կանխատեսումներ են արել Հայաստանի քաղաքական գործիչները:
«Շատ կուզեմ, որ մեզ համար դրական արդյունքով ավարտվի, բայց պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանն այս խաղում ֆավորիտ է, իր դաշտում է խաղալու: Սակայն մեզ համար դրական ելքը չեմ բացառում, քանի որ մեր բոլոր ֆուտբոլիստները լավ մարզավիճակում են, իսկ առավել մեծ սպասումներ ունեմ Մխիթարյան-Մովսիսյան զույգից»,- ասել է Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով` պայքարը սկզբունքային և նյարդային է լինելու:
«Խաղն ընթանալու է այնքան ժամանակ, մինչև որ կողմերից մեկը սխալ թույլ տա, նյարդային խաղ է մեզ սպասվում», – ասել է Շարմազանովը:
ՀՀԿ-ական գործիչը նաև ավելացրել է, որ եթե «Աստված չանի, մեզ համար խաղը դրական ելք չունենա, պետք չէ քննադատել մեր ֆուտբոլիստներին»:
«Պետք է միասնական լինենք ցանկացած դեպքում` թե հաղթանակի, թե պարտության: Հաղթանակ բոլորիս»,- եզրափակել է նա:
«Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, կիսվելով իր կանխատեսումներով, հույս է հայտնել, որ Հայաստանի հավաքականը կկարողանա չպարտվել նաև Սանկտ-Պետերբուրգում:
«Հույս ունեմ, որ այս անգամ էլ Հայաստանի հավաքականը կկարողանա պահել ոչ-ոքի հաշիվը»:
Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը կանխատեսումներ անելն անիմաստ է համարել:
«Ոչ միայն քաղաքականության, այլ նաև ֆուտբոլի մեջ կանխատեսումը համարում եմ անիմաստ բան, առավել ևս որ խաղադրույք չեմ դրել: Մաղթում եմ մեր հավաքականին հաղթանակ և վստահ եմ, որ մեր հույսերը կարդարանան», – ասել է նա:
Իսկ ահա ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը խաղին չի հետևելու, որովհետև «Ֆուտբոլով չեմ հետաքրքրվում, իմ խելքը նման բաներին չի հասնում»: