Այսօր Գյումրու «Գալվանոմետր» գործարանի մասնաշենքում գտնվող Մինաս Ավետիսյանի «Թել են մանում» որմնանկարի պատից անջատման աշխատանքներն են ընթանում, որից հետո որմնանկարը նախատեսվում է տեղափոխել Երևան:
Ինչպես հաղորդում է «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը, մի խումբ գյումրեցիներ, այդ թվում` քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներ և լրագրողներ, փորձում են ևս մեկ քայլ անել որմնանկարները Գյումրիից տեղափոխումը թույլ չտալու համար:
Շիրակ կենտրոն ՀԿ-ն տարածած հաղորդագրության մեջ կոչ է անում բոլոր գյումրեցիներին այս պահին գնալ «Գալվանոմետր» գործարան և թույլ չտալ որմնանկարները Գյումրիից տեղափոխել:
Նշենք, որ հասարակական կազմակերպությունը նաև նամակով դիմել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին:
«Ի կատարումն ՀՀ կառավարության 2011 թ ապրիլի 28-ի որոշման «Թել են մանում» և «Երկանք» որմնանկարների վերականգնման և տեղափոխման հետ կապված ստեղծված հասարակական կարծիքը, բանակցությունները մշակույթի նախարարի, ինչպես նաև պարոն Էրնեկյանի աշխատակազմի հետ և Գյումրու շուրջ 1000 մտավորականների առաջարկությունները հաշվի առնելով` խնդրում ենք Ձեր միջնորդությունը աշխատանքային խմբին վերականգնողական աշխատանքների բոլոր փուլերը իրականացնել Գյումրիում, որին կմասնակցեն նաև գյումրեցի ուսանողներ:
Ձեր հանձնարարականը աշխատանքային խմբին «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամին և վերականգնողական աշխատանքները կատարող խմբին հնարավորություն կտա հասարակական քննարկումների միջոցով վիճահարույց խնդիրը մտցնել բնականոն հուն: Տեխնիկական խնդիրների և վերականգնողական աշխատանքները չխոչընդոտելու պարտականությունները վերցնում ենք մեզ վրա», – ասված է «Շիրակ կենտրոն» հ/կ-ի նամակի մեջ, որի տակ ստորագրել են Գյումրի քաղաքի պատմամշակութային անշարժ հուշարձանների և շարժական արժեքների պահպանության հանձնախմբի անդամները`Գարիկ Մանուկյան, Համբարձում Ղուկասյան, Հասմիկ Մելքոնյան, Արթուր Գևորգյան: