Home / Հայաստան / ՖՈՏՈՇԱՐՔ. «Երևան-Խեմնից տրանզիտ մարշրուտկան»` գերմանական քաղաքի պատերին

ՖՈՏՈՇԱՐՔ. «Երևան-Խեմնից տրանզիտ մարշրուտկան»` գերմանական քաղաքի պատերին

«Տրանսկավկազիա» ծրագրի շրջանակներում Հայաստանի ժամանակակից արվեստի ներկայացուցիչները, «Արտլաբորատորիա» նկարիչների և արվեստագետների միավորման անդամներ Գարիկ Ենգիբարյանը, Էդգար Ամրոյանը և Արա Պետրոսյանը հրավեր են ստացել ստեղծագործել Գերմանիայի Խեմնից քաղաքում:

Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է Գարիկ Ենգիբարյանը, իրենց ստեղծագործությունների անունը «Երևան-Խեմնից տրանզիտ մարշրուտկա» է:

«Մենք այստեղ ենք արդեն մոտ մեկ ամիս, և դեռ ևս մեկ ամիս էլ հնարավորություն ենք ունենալու ստեղծագործել»,- ասել է մեր զրուցակիցը:

Մեկնաբանելով իր աշխատանքները` նա ասել է, որ դրանցում արտահայտված են թե իր երևանյան տպավորությունները, թե նոր տպավորությունները, որ ստացել է Խեմնիցում:



Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին «Արտլաբը» Երևանի Բաղրամյան պողոտայի գետնանցումներից մեկի պատին գրաֆիտիի տեսքով պատկերել էր քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին:

Իսկ ավելի վաղ նույն միավորման անդամները Երևանի Խանջյան փողոցի վրա գտնվող գետնացումում պատկերել էին ինքնասպան զինվորի տրաֆարետ, որը մի քանի օր անց ջնջվել էր:

Արդեն այս տարի Երևանի Գործարանային կայարանի մերձակայքում հայտնվել էր տրաֆարետ, որը ճիշտ կրկնությունն է նույն կայարանին կից հրապարակում խորհրդային տարիներին տեղադրված Բանվորի արձանի:

Փողոցային արվեստի այս գործի հեղինակն է «Արտլաբորատորիա» նկարիչների և արվեստագետների միավորման մեկ այլ ներկայացուցիչ Արթուր Պետրոսյանը: