Համաշխարհային տնտեսական վեհաժողովի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանդիպմանը մասնակցելու նպատակով Վիեննայում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ Նավթարդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) կենտրոնակայանում հանդիպում է ունեցել կառույցի գլխավոր տնօրեն Սուլեյման Ջազիր Ալ Հերբիշի հետ: Հանդիպումից հետո Հայաստանի Հանրապետության և OFID-ի միջև ստորագրվել է վարկի տրամադրման մասին պայմանագիր, հաղորդում է ՀՀ կառավարության կայքը:
Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և OFID-ի գլխավոր տնօրեն Սուլեյման Ջազիր Ալ Հերբիշը: Գյուղացիական ակտիվների ստեղծման ծրագիրը Հայաստանում կիրականացվի Գյուղատնտեսության զարգացման միաջազգային հիմնադրամի (IFAD) կողմից:
Քսան միլիոն դոլար ծավալով վարկը նպատակաուղղված է լինելու գյուղացիական տնտեսությունների կարողությունների ստեղծման ծրագրի ֆինանսավորմանը, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացմանը: Ծրագրի շահառուները կլինեն հիմնականում գյուղական բնակավայրերի բնակիչները, մասնավորապես, մանրածավալ արտադրողները, պտղի և ընկուզեղենի արտադրությամբ զբաղվողները, ինչպես նաև լեռնային անապահով համայնքների ներկայացուցիչները: Վարկի մարումը կսկսվի հինգ տարի հետո: Մարման ժամկետը տասնհինգ տարի է, տոկոսադրույքը` 3,5 տոկոս: