«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, երկու օր առաջ Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ ավազակային հարձակման մեջ կասկածվող 30-ամյա Արման Ենգիբարյանի վրա մահացու կրակ բացած ոստիկանը կխրախուսվի լավ ծառայության համար:
Ոստիկանի անձնական տվյալներն առայժմ չեն հրապարակվել: Օրաթերթի աղբյուրների համաձայն, ոստիկանությունում արդեն հաստատվել է, որ Արման Եբգիբարյանը վերջին ամիսներին առնվազն հինգ ավազակային հարձակում է կատարել:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին, ժամը 13:00-ի սահմաններում Ենգիբարյանը, ներկայանալով ջրմուղի աշխատակից, փորձել է մուտք գործել Երևանի Եղբայրության փողոցի 16 շենքի բնակարաններից մեկը, սակայն տանտերը, կասկածի տակ առնելով Ենգիբարյանի ջրմուղի աշխատակից լինելու փաստը, անմիջապես զանգել է ոստիկանություն:
Ոստիկանության ծառայողները մեկնել են դեպքի վայր և հետապնդել ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվող Ենգիբարյանին: Վերջինս մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի տարածքում չի ենթարկվել ոստիկանների կանգնելու պահանջներին` կիրառելով իր մոտ եղած զենքը:
Ենգիբարյանի վրա կրակ էին արձակել, որի հետևանքով նա վիրավորվել էր և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել էր: