Home / Հայաստան / Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքներն արդար են, պնդում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահը

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքներն արդար են, պնդում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահը

Երեկ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումներ են ընթացել` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա վիճակին:

«Առավոտ» օրաթերթի փոխանցմամբ, իր ելույթի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն հայտարարել է, որ եթե Հիմնարար սկզբունքները չընդունվեն մոտ ապագայում` համանախագահները ստիպված կլինենք կարգավորման նոր հայեցակարգ ներկայացնել:

Ֆասիեն նաև համառոտ ներկայացրել է Հիմնարար սկզբունքների էությունը` պետք է ազատվեն Լեռնային Ղարաբաղին կից տարածքները` Ղարաբաղի անվտանգության ապահովման և իր ինքնակառավարման պայմաններում, իսկ կարգավիճակը պետք է որոշվի ապագայում` քվեարկության ճանապարհով:

Միջնորդը նաև հայտարարել է, թե «2010թ. սկզբին միայն Ադրբեջանն իր համաձայնությունը տվեց առաջարկությունների նորացված տարբերակին», ինչից հետո միջնորդները կողմերին մի քանի լրամշակված տարբերակներ առաջարկեցին:

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն նշել է, որ այս պահին համանախագահները հասել են մի կետի, երբ «կարգավորման հիմնարար սկզբունքների ներկայիս տարբերակն արդար և հավասարակշռված է, և մենք ցանկանում ենք, որպեսզի կողմերն այն ընդունեն որպես հիմք խաղաղ համաձայնագրի համար»: