Մոսկվայից դեպի Կարելիայի մայրաքաղաք Պետրոզավոդսկ չվերթ իրականացնող «ՌուսԷյր» ավիաընկերությանը պատկանող Տու-134 ինքնաթիռը վթարի է ենթարկվել:
«Ինտերֆաքսի» փոխանցմամբ` ինքնաթիռը վայրէջք է կատարել ոչ բարենպաստ եղանակային պայմաններում, հարվածել է գետնին և փլուզվել:
Վերջին տվյալներով` ինքնաթիռում գտնվող 52 ուղևորներից 44-ը զոհվել են, 8-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Ըստ «ՌԻԱ Նովոստիի»` վիրավորների թվում կա մեկ երեխա, նրա փաստաթղթերը բացակայում են:
Մահացածների թվում է նաև ֆուտբոլային մրցավար Վլադիմիր Պետայը:
Նախնական տվյալների համաձայն, թանձր մառախուղի պատճառով ինքնաթիռը չի կարողացել հասնել թռիչքուղուն և դրանից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ Պետրոզավոդսկի օդանավակայանի մերձակա տարածքում, ընկել է մայրուղու վրա։ Հարվածից ինքնաթիռը մասնատվել է:
Ավիաընկերությունը հաստատում է, որ ինքնաթիռը սարքին վիճակում է գտնվել։
Կարելիայի դատախազության ներկայացուցչի խոսքով`«միջադեպի վայրում սարսափելի պատկեր է: Ինքնաթիռի մասնատված բեկորները հասել են բնակելի շենքերին: Մահացածների մարմիններն ընկած են մայրուղով մեկ»:
Ուղևորների թվում է մեկ հայ` Վահրամ Սարգսի Սիմովյան, ով Ուկրաինայի քաղաքացի է: