«Երեք տարի շարունակ մենք առճակատման ենք գնացել այս իշխանությունների դեմ` սուր արտահայտությունների մակարդակով: Ազգային հոգեբանության, փողոցային քաղաքականության հոգեբանության մեջ դա մեծ դեր է խաղում: Դրան ընտելացել են, և այժմ արտահայտությունների ցանկացած տիպի մեղմացումը դավաճանություն է համարվում»: Այս մասին «Московские новости»-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նա նշել է, որ ոմանք չեն ընկալում այն, որ այժմ ընդդիմությունն իշխանության հետ երկխոսության միջոցով որոշ հարցերի լուծման պատրաստակամություն է ցուցաբերում: «Պայքարի երեք տարիների ընթացքում մեզ չհաջողվեց հասնել բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակմանը, չհաջողվեց Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու թույլտվություն ստանալ, չհաջողվեց որևէ բանի հասնել 2008 թվականի մարտի 1-ի սպանություննրի հետաքննության հարցում: Իսկ այժմ արաբական երկրների իրադարձությունները էական գործոն են դարձել, այն կրկնակի ազդակ տվեց մեր շարժմանը, տարերային սոցիալական ցույցեր սկսվեցին, անգամ Կոնգրեսից անկախ: Իրենց հետապնդումներում իշխանությունները հասան միջին և մանր բիզնեսին` այդպիսով դիպչելով բոլոր շերտերի մարդկանց շահերին. փողոցային առևտուր, վերավաճառողներ, մարդիկ, որոնք, վրացական պետհամարանիշերով մեքենաներ են վարում: Եվ շատ այլ բաներ: Այս ամենը մենք կարողացանք մոբիլիզացնել և բարձրացնել մեր հանրահավաքների մակարդակը:
Վերջին հանրահավաքները 100 հազարանոց էին: Եվ իշխանությունները գլխի ընկան, որ պետք է ինչ-որ բան անել, որովհետև հակառակ դեպքում կարող են Թունիս և Եգիպտոս ստանալ: Ես չեմ չափազանցեցնում: Եթե նրանք կատարեցին քաղբանտարկյալներին ազատ արձակելու, Օպերայի տարածքում հանրահավաք անցկացնելու թույլտվություն տալու և 2008-ի մարտի 1-ի դեպքերի հետաքննությունը սկսելու պահանջները, ապա դա չի նշանակում, որ իշխանությունները վախեցած են մեզնից: Նրանք վախեցած են իրավիճակից: Եթե որոշում չկայացվեր, հետագայում ավելի վատ կլիներ: Եվ նրանք ստիպված էին զիջումների գնալ»:
Հարցին` արդյոք Սերժ Սարգսյանը քայլեր է ձեռնարկում Ռոբերտ Քոչարյանի ստվերից դուրս գալու և երկրորդ անգամ նախագահ դառնալու համար, ընդդիմության առաջնորդը պատասխանել է. «Ոչ Սերժը, ոչ Ռոբերտը երբեք չէին կարողանա դառնալ նախագահ, եթե ընտրությունները չկեղծվեին»:
«Եթե ես բանակցություններին ընդառաջ եմ գնում, դա չի նշանակում, որ ես ընդունում եմ նրանց լեգիտիմությունը: Ոչ մի դեպքում: Ինչպես արդեն խոստովանել եմ, որ նա ոչ լեգիտիմ է և ընտրություններն էլ կեղծված են, այդպես էլ շարունակում եմ խոստովանել»,- նշել է նա:
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների պահանջին, Տեր-Պետրոսյանի խոսքով, այդ հարցը պետք է հնարավորին չափ շուտ լուծել:
«Կհաջողվի թե ոչ` չգիտեմ, դա ոչ ինձանից է կախված, ոչ էլ Կոնգրեսից: Ամեն ինչ կախված է ժողովրդից, և ամեն ինչ տեղի կունենա նրա ճնշման տակ: Ես ոչ մի տեղ չեմ շտապում: Նրանք պետք է շտապեն, եթե մի փոքր մտածում են պետության և ժողովրդի մասին»: