ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` հունիսի 22-ին ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանի ընթացքում հնչեցրած ելույթը «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում անվանել է «եվրոպական արժեքներ կրող առաջնորդի խոսք»:
«Դա ոչ թե դեկլարատիվ բնույթի խոսք էր` ինչպես հիմնականում լինում է ԵԽԽՎ-ում, այլ անցած երեք տարիների ընթացքում նախագահի կողմից իրականացված աշխատանքի նկարագիր: Եվ պատահական չէ, որ թե ելույթի պահին, թե դրանից հետո արձագանքները շատ ջերմ էին: Եվ Թոմաս Համմարբերգը (ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար – Epress.am), թե Ջոն Պրեսկոտը (ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող – Epress.am) արձանագրեցին, որ անցած երեք տարիների ընթացքում նախագահ Սարգսյանի կողմից դրսևորած քաղաքական կամքի և նրա ղեկավարած իշխանության կողմից իրականացված բարեփոխումների արդյունքում այսօր մենք ունենք բոլորովին այլ Հայաստան, որը ձգտում է դեպի եվրոպական արժեքներ և դեպի ժողովրդավարություն», – ասել է Շարմազանովը:
Նա նաև վստահություն է հայտնել, որ Սերժ Սարգսյանի կողմից իրականացվող բարեփոխումները այսօր նկատում և գնահատում են ոչ միայն եվրոպական կառույցները, այլև հայաստանյան ընդդիմությունը:
Որպես ասվածի ապացույց «Առավոտի» զրուցակիցը ներկայացրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետևյալ միտքը.
«Սարգսյանն այսօր Կազան է գնում որպես դեմոկրատ նախագահ` ի տարբերություն Ալիևի…»: