Պաշտոնական Տրիպոլիի և Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչների միջև ինչպես ուղիղ, այնպես էլ միջնորդավորված բանակցություններ են ընթանում: Այս մասին հինգշաբթի երեկոյան ֆրանսիական «Ֆրանս-2» հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է Մուամար Քադաֆիի դուստր Աիշան:
«Ներկայումս ինչպես ուղիղ, այնպես էլ միջնորդավորված բանակցություններ են ընթանում: Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք, որպեսզի դադարի հեղեղվել լիբիացիների արյունը: Հանուն այդ գաղափարի մենք պատրաստ ենք համաձայնություն կնքել անգամ սատանայի հետ, այսինքն` զինված ապստամբների»,- ասել է Քադաֆիի ընտանիքի ներկայացուցիչը:
Այդուհանդերձ, Աիշան խուսափել է պատասխանել Մուամար Քադաֆիի` իշխանությունը լքելու ժամկետների մասին ուղիղ հարցից: «Դուք ակնհայտորեն չեք ցանկանում հասկանալ, որ Մուամար Քադաֆին լիբիական ազգի խորհրդանիշն ու առաջնորդն է: Նա ո՞ւր կարող է գնալ»,- հարցին հարցով է պատասխանել Աիշան:
Քադաֆիի` մասնագիտությամբ փաստաբան աղջիկը խիստ քննադատության է ենթարկել նաև միջազգային կոալիցիայի կողմից իրականացվող զինված միջամտությունը: Նա կոչով դիմել է Լիբիան ռմբակոծող ֆրանսիացի օդաչուների մայրերին և կանանց:
«Ես արդեն կորցրել եմ երեխաներիցս մեկին: Ձեր ամուսինները բոլորովին էլ չեն Լիբիայի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար չեն գործում: Նրանք սպանում են իմ ազգն ու իմ երեխաներին: Եվ այս ամենը նրա համար, որպեսզի Սարկոզին կարողանա իրեն հանգստացնել այն գաղափարով, որ որքան շատ լիբիացիներ սպանի, այնքան ավելի շատ քվեներ կստանա նախագահական ընտրություններին»,- ասել է լիբիական առաջնորդի դուստրը: