Հուլիսի 14-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Իռլանդիա: Դուբլինում տեղի ունեցան Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Իռլանդիայի օրենսդիր և գործադիր մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
ՀՀ ԱԳՆ Տեղեկատվական վարչության փոխանցմամբ` Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և առևտրի նախարար Էյմոն Գիլմորի հետ հանդիպման ժամանակ հանգամանալից քննարկումներ ծավալվեցին երկկողմ հարաբերությունների օրակարգի ձևավորման շուրջ: Քննարկվեցին տարածաշրջանային, միջազգային ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հաշվի առնելով հաջորդ տարի Իռլանդիայի կողմից ԵԱՀԿ նախագահության ստանձնումը՝ անդրադարձ կատարվեց կազմակերպության առաջնային հարցերին:
Էդվարդ Նալբանդյանն ու Էյմոն Գիլմորը երկուստեք նշեցին, որ, չնայած աշխարհագրական հեռավորությանը, Հայաստանն ու Իռլանդիան շատ քաղաքակրթական, մշակութային ընդհանրություններ ունեն, և դա կարող է լավ հիմք ծառայել միջպետական հարաբերությունների զարգացման համար:
Հատուկ նշվեց երկկողմ համագործակցության տնտեսական բաղադրիչի ամրապնդման կարևորությունը, գործարար շրջանակների համար նպաստավոր պայմանների ստեղծման անհրաժեշտությունը: Նախարարները պայմանավորվեցին կոնկրետ քայլեր ձեռնարկել երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացման, առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար, անդրադարձան տնտեսական ոլորտի համագործակցության հնարավոր ուղղություններին: Այս տեսանկյունից երկուստեք կարևորվեց հանդիպումից առաջ ստորագրված «ՀՀ կառավարության և Իռլանդիայի կառավարության միջեւ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը:
Հայաստանի եւ Իռլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից զրույց ունեցան ԵԱՀԿ օրակարգային հարցերի վերաբերյալ: Էյմոն Գիլմորը ներկայացրեց ԵԱՀԿ-ում իռլանդական նախագահության առաջնահերթությունները, կազմակերպության նպատակների իրականացմանն ուղղված ձեռնարկվելիք քայլերը: Էդվարդ Նալբանդյանը ասաց, որ Հայաստանն աջակցություն կցուցաբերի ԵԱՀԿ-ում իռլանդական նախագահությանը:
Հայաստանի արտգործնախարարն իր իռլանդացի գործընկերոջը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Զրուցակիցները անդրադարձան Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությանը, այդ շրջանակում իրականացվող ծրագրերին եւ հարաբերությունների զարգացմանն ուղղված նախագծերին:
Դուբլինում Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաեւ Իռլանդիայի խորհրդարան, ուր հանդիպում ունեցավ Խորհրդարանի վերին ու ստորին պալատների արտաքին հարաբերությունների համատեղ հանձնաժողովի նախագահ Փեթ Բրինի եւ հանձնաժողովի անդամների հետ:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն այցելեց Դուբլինի Միջազգային և Եվրոպական գործերի ինստիտուտ, ուր հանդիպում ունեցավ քաղաքագիտական կենտրոնի տնօրինության հետ եւ ելույթ ունեցավ` ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները: Նախարարի ելույթին ներկա էին Իռլանդիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ եւ Դուբլինում հավատարմագրված դիվանագետներ:
Ավարտելով այցելությունը Իռլանդիա` Հայաստանի արտգործնախարարը մեկնեց Վիեննա, ուր նախատեսված է նրա հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զիների հետ: