«Մենք քննարկեցինք, ավելի ճիշտ` մտքեր փոխանակեցինք այն հարցերի վերաբերյալ, որոնք համարում ենք հրատապ, ներկայացրեցինք նաև մեր դիրքորոշումը, թե ինչպես ենք պատկերացնում այս երկխոսությունը», – «Էրեբունի» հյուրանոցի Հանրային խորհրդի փոքր նիստերի սրահում քիչ առաջ ավարտված Հայ Ազգային Կոնգրեսի և իշխող կոալիցիայի առաջին հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ-ից աշխատանքային խմբում ընդգրկված Դավիթ Հարությունյանը:
«Բանն այն է, որ մեզ համար այս երկխոսությունը նոր քաղաքական մշակույթի ձևավորման հիմքն է: Մենք համարում ենք, որ յուրաքանչյուր ժողովրդավարական երկրին անհրաժեշտ է, որպեսզի լինի հարթակ, որտեղ իշխանությունը և ընդդիմությունը հարցեր են քննարկում իրար հետ», – ասել է Հարությունյանը:
Նրա խոսքով` իրենց նպատակը հետևյալն է` անցնել բացարձակ հակամարտությունից ավելի համագործակցային աշխատանքի, ինչը, սակայն, չի նշանակում, որ քաղաքական տարաձայնությունները հարթվել են:
«Այդ հարթակը հնարավարություն կտա, որ մենք լսենք միմյանց կարծիքը, խորհրդակցություններ անցկացնենք միասին, արտահայտենք յուրաքանչյուրի դիրքորոշումը և գնահատականը», – նշել է ՀՀԿ-ական գործիչը:
Նա նաև անդրադարձել է հարցին, թե ում է ներկայացնում ստեղծված աշխատանքային խումբը:
«Մենք ներկայացնում ենք կոալիցիան, ինչը նշանակում է` գործադիր իշխանությանը, որը ձևավորվում է կոալիցիայի կողմից, մենք ներկայացնում ենք խորհրդարանական մեծամասնությանը, մենք ներկայացնում ենք նաև Հանրապետության նախագահին` որպես կոալիցիայի ղեկավար», – պարզաբանել է Դավիթ Հարությունյանը:
Նա նաև նշել է, որ այսօր քննարկում, որպես այդպիսին, տեղի չունեցավ, տեղի ունեցավ մտքերի փոխանակում:
«Մեր գնատականը դրական է: Կարծում ենք` շատ շուտով մենք կկարողանանք գնահատել` արդյոք այդ գործընթացը ունի՞ շարունակություն, թե ոչ, բայց պետք է նշեմ, որ մեր աշխատանքային խումբը լավատես է այդ առումով», – ասել է Հարությունյանն ու հավելել, որ հաջորդ հանդիպման օրը դեռ չի նշանակվել: