Ադրբեջանի իշխանությունները կարող են թույլատրել «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Բունտմանին մուտք գործել իրենց երկիր, բայց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումից հետո: Այս մասին ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է երկրի ԱԳ փոխնախարար, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով Ադրբեջանի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Արազ Ազիմովը:
«Էխո Մոսկվի»-ի լրագրող Սերգեյ Բունտմանը ադրբեջանական իշխանությունների սև ցուցակում էր հայտնվել Լեռնային Ղարաբաղ կատարած այցելությունից հետո:
Այս առնչությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը, հայտարարել էր.
«Ադրբեջանի օկուպացված տարածքներ Բունտմանի ապօրինի այցելության կապակցությամբ Ռուսաստանում մեր երկրի դեսպանատանը կարգադրություն է տրվել մեր բողոքը հայտնել, ինչպես նաև «Էխո Մոսկվի»-ի ղեկավարությանը հասցնել Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը: Ինքը` Բունտմանը, արդեն համալրել է այն անձանց ցուցակը, ում մուտքն Ադրբեջան չափազանց անցանկալի է»:
Հիշեցնենք, որ ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վինիդիկտովը, իր հերթին, Բունտմանի նկատմամբ այս վերաբերմունքի համար մեղադրել էր ադրբեջանցի լրագրողներին. «Պետք է նշեմ, որ ղարաբաղյան այցելության համար մեր վրա հիմնականում հարձակում են գործում ոչ թե Ադրբեջանի ԱԳ նախարարությունը, կամ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, կամ էլ Ադրբեջանի դեսպանատունը, այլ` լրագրող գործընկերները: Ընկերներ, խելքներդ թռցրե՞լ եք: Դա ձեր աշխատա՞նքն է: Ձեր գործը պետության տուզիկը լինելն է: Ձեր աշխատանքը չինովնիկների գործն անե՞լն է: Այդ դեպքում չե՞ք ուզում փոխել ձեր աշխատանքի բնույթը: Պետք չէ մեզ սովորեցնել»,- հայտարարել էր Վինիդիկտովը: