Այսօր Հայաստանի շախմատի հավաքականը չինական Նինբո քաղաքում անցկացվող շախմատի թիմային առաջնության 4-րդ տուրում 3,5:0,5 հաշվով պարտության մատնեց Եգիպտոսի ընտրանուն:
Մեր թիմի կազմում այսօր բացակայում էր ուժեղագույն շախմատիստը` Լևոն Արոնյանը, և առաջին տախտակին տեղ էր զբաղեցրել Սերգեյ Մովսիսյանը, ով սպիտակներով պարտության մատնեց Ադլի Ահմեդին:
Վլադիմիր Հակոբյանը երկրորդ տախտակին սևերով առավելության հասավ Ամին Բասեմի նկատմամբ, իսկ չորորդ տախտակին հանդես եկող Ռոբերտ Հովհաննիսյանը նույնպես սևերով հաղթեց Մոհամեդ Էզաթին:
Մեր թիմի կազմումմիակ ոչ-ոքին խաղաց Գաբրիել Սարգսյանը:
Հաղթանակը հնարավորություն տվեց մեր թիմին գլխավորել առաջնության աղյուսակը, քանի որ մինչ այդ առաջին տեղում գտնվող Ռուսաստանի ընտրանին պարտվեց Ադրբեջանին 1:3 հաշվով: Պարտություն կրեցին նաև այն թիմերը, որոնք Հայաստանի ընտրանու հետ հավասար միավորներ էին հավաքել մինչ 4-րդ տուրը: Մասնավորապես, Իսրայելը զիջեց Հնդկաստանին, իսկ Ուկրաինան պարտվեց Հունգարիային:
4 տուրից հետո Հայաստանի հավաքականը հավաքել է 6 միավոր: 5 միավոր ունեն Ռուսաստանը, Ադրբեջանը, Չինաստանը և Հունգարիան: 4 միավոր են վաստակել Իսրայելն ու Ուկրաինան, 3 միավոր` Հնդկաստանն ու ԱՄՆ-ը և միայն Եգիպտոսի հավաքականը ոչ մի միավոր իր ակտիվում չի գրանցել:
Վաղը Հայաստանի ընտրանին ուժերը կչափի Չինաստանի հավաքականի հետ: