«Ընտանիքն ամեն ինչ է, առանց ընտանիքի ոչինչ չի կարող լինել: Եթե մարդը չունի նորմալ ընտանիք, և նրա գլխավոր նպատակներից մեկը այդ ընտանիքի կայունությունը չէ, այդ մարդը չի կարող լուրջ հաջողությունների հասնել, և եթե անկեղծորեն ասեմ, ապա չի կարող լուրջ ծառայություններ մատուցել ո՛չ իր ժողովրդին, ո՛չ իր երկրին», – Ծաղկաձորում Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցներից մեկի «Ի՞նչ է Ձեզ համար ընտանիքը» հարցին պատասխանել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ակնհայտ մի բան կա ինձ համար` մարդը չի կարող մի տեղ լինել ազնիվ, մյուս տեղում` անազնիվ, մի տեղ լինել բարոյական, մյուս տեղում` անբարոյական: Այդպես չի լինում: Եվ մի հավատա, երբ ասում են, թե քաղաքականությունն անբարոյականություն է: Այո՛, քաղաքականության մեջ կան անբարոյական մարդիկ, բայց այդ մարդիկ իրենց ընտանիքում էլ անբարոյական են և, ընդհանրապես, իրենց կյանքի ընթացքում են անբարոյական», – Սերժ Սարգսյանի խոսքերն է փոխանցում ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը: