Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում Դալմայի այգիների հողերի սեփականատերերը: Նրանք ձեռքներին ունեին հետևյալ բովանդակությամբ կանաչ պաստառներ «Կատարեք մեր պահանջները», «Դալմայի այգիներ»:
Նշենք, որ Դալմայի այգիները գտնվում են Երևանի Կիլիկիա թաղամասի հարևանությամբ, որի սկզբնահատվածում կառուցվում է «Դալմայի այգիներ» առևտրի կենտրոնը:
Բողոքողները պահանջում են իրենց օտարված հողերի արդար փոխհատուցում:
Բողոքի ակցիայի մասնակից Սուսաննա Խաչատրյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ իրենք, այնուամենայնիվ, արդար վճռի հույսը կորցրել են:
«Ոչ մի ակնկալիք էլ չունենք, որ կամ մեր հողերը տան, կամ էլ արդար փոխհատուցում տան: Արդեն ութ տարի է մենք բողոքում ենք: Փոխհատուցել են մի ութ հոգու ընդամենը: Մեզ բանի տեղ չի դնում ոչ ոք: Բայց մենք պայքարում ենք, որպեսզի ցույց տանք մեր դժգոհությունը», – ասել է Խաչատրյանը: