2010 թվականի փետրվարի 3-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Դուգ Սիլիմանը հանդիպել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Այդին Սեզգինի հետ և քննարկել է Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու հարցը: Թուրք պաշտոնյայի հետ զրույցի մանրամասներն ԱՄՆ Պետդեպ է ուղարկել ԱՄն դեսպան Ջեյմս Ջեֆրին, այն գաղտնազերծել է WikiLeaks կայքը:
Սեզգինը նշել է, որ ՍԴ-ի որոշումը Հայաստանի կառավարությունը հնարավարություն է տալիս ընդամենը «ստերիլ երկխոսության մեջ մտնել 1915 թվականի դեպքերի հետ կապված», այլ ոչ թե հիմնովին քննարկել հարցը պատմական ենթահանձնաժողովում: ԱՄՆ դեսպանը գրում է, որ թուրքերը մտածում էին, որ նման բանավոր պայմանավորվածություն եղել է:
Նա պնդում էր, որ ՍԴ-ի որոշումը ցույց է տալիս, որ Հայաստանի կառավարությանը ցանկանում է միմիայն հասնել ցեղասպանության ճանաչմանը:
Թուրք դիվանագետը զրույցի ընթացքում նշել է, որ իր երկրի համար երկրորդ խնդիրը սահմանների հարցն: Սեզգինը ասել է, որ որոշումը բացառում է Կարսի և Մոսկվայի պայմանագրերը արձանագրություններում որպես «էական պայմանագրեր» ճանաչելուց, որովհետև դրանք չեն վերաբերում Հայաստանին:
«Սեզգինը պնդում էր, որ առանց այս պայմանագրերի Հայաստանի սահմանների պաշտոնապես ճանաչում չի կարող լինել: Նրա խոսքով` Թուրքիան չի կարող անջատել այս իրավական խնդիրները իրենց քաղաքական հետևանքներից, քանի որ այնպիսի իրավական հարցեր, ինչպիսիք են սահմանների վերաբերյալ պայմանագրերը հեշտությամբ վերածվում են քաղաքական խոչընդոտների խորհրդարանում և հանրության աչքերում», – նշում է Ջեֆրին:
Ի հավելում այդ փաստարկին` խորհրդարանի պատգամավոր Շուքրու Էլեքդագը փետրվարի 3-ին հայտնել է դեսպանին, որ ԱԳ նախարար Դավութօղլուն խորհրդարանին Արձանագրությունները ներկայացնելիս փաստել է, որ այն ստորագրելով Հայաստանը ճանաչում է Կարսի և Մոսկվայի պայմանագրերը, մինչդեռ ՍԴ-ի որոշումը դա չի արտացոլում: Էլեքդազի խոսքով` դա կարևոր է ոչ միայն նրա համար, որ պայմանագրերով այն հաստատում է Թուրքիայի ներկայիս սահմանները, այլ որովհետև Կարսի պայմանագրի 15-րդ կետը Թուրքիային համաներում է շնորհում Կովկասյան ճակատում իրականացրած «հանցագործությունների և իրավախախատումների» համար: Սա Թուրքիային ազատում է 1915-ի դեպքերի պատասխանատվությունից:
Ջեֆրին իր մեկնաբանության մեջ նշում է, որ թուրքական կողմի պնդումների մեծ մասն իր հստակ հակափաստարիներն ունի: Նա նշում է, որ Արձանագրությունները ոչ թե ենթադրում են, որ կողմերը պետք է հրաժարվեն իրենց դիրքորոշումներից, այլ ավելի շատ այն, որ կողմերը նստելու են մեկ սեղանի շուրջ և մասնակցելու են պատմական իրադարձությունների քննարկմանն ու հետազոտմանը, ինչը երկու կողմերն էլ համաձայնել են անել:
Հայաստանի Սահմանադրական դատարանը հաստատել է Արձանագրությունները, այդպիսով հաստատելով Հայաստանի մասնակցությունը պատմական հարցերով զբաղվող ենթահանձնաժողովի աշխատանքներին:
«Ինչպես նշել են մեր երևանյան գործընկերները, Հայաստանի անդամակցությունը տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններին պահանջում է, որ այն ճանաչի հարևանների սահմանները, այդ թվում`Թուրքիայի: Թուրքիայի համար սահմանների հետ կապված բոլոր խնդիները լուծելու ամենաարագ ճանապարհը կլինի դրանք բացելը», – եզրափակում է ԱՄՆ-ի դեսպանը:
Նշենք, որ 2010 թվականի հունվարի 12-ին Սահմանադրական դատարանի որոշման մեջ նշվում է, որ «հայ-թուրքական արձանագրություններով ստանձնվող փոխադարձ պարտավորությունները ունեն բացառապես երկկողմանի միջպետական բնույթ և չեն կարող վերաբերել և տարաբնույթ հղումներով վերագրվել որեւէ երրորդ կողմի կամ վերջինիս հետ սույն արձանագրությունները ստորագրած կողմերի փոխհարաբերություններին»:
ՍԴ-ն նաև նշել էր, որ Արձանագրություններում տեղ գտած դրույթները չեն կարող մեկնաբանվել ու կիրառվել այնպես, որ հակասեն Հայաստանի Սահմանադրության նախաբանի դրույթներին և «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի 11-րդ կետի պահանջներին:
Այդ կետով ՍԴ-ն ամրագրվել էր, որ «Հայաստանը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:
Լուսանկարը` asbarez.com