Այսօր թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի ծննդյան օրվա կապակցությամբ «Դինքի ընկերներ» նախաձեռնությունը նամակ է հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Նախաձեռնության անդամները նշում են, որ Հրանտ Դինքի սպանությունից հետո գրեթե 5 տարի է անցել, սակայն առայժմ ոչ մի էական քայլ չի արվել սպանության իրական մեղավորներին պարզելու համար: Հիշեցնենք, որ սպանությունը իրականացրած Օգյուն Սամասթը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման:
«Եթե երեխաներից հանցագործներ ստեղծող խավարը 2007 թվականի հունվարի 19-ին Դինքին չխլեր մեզանից, նա ամենայն հավանականությամբ այսօր իր թոռների, ընտանիքի և ընկերների հետ իր սիրած խեցգետիններն ուտելիս կլիներ: Սեպտեմբերի 19-ին Դինքի գործով նոր լսումներ կլինեն: Երբեք չավարտվող լսումների շարքից ևս մեկը, որոնց թիվն անգամ արդեն մոռացել ենք, և դեռևս ոչ մի քայլ առաջ չի կատարվել մինչ այժմ: Այսօր մենք նամակ ենք հղում վարչապետին որպես Հրանտի ընկերներ: Հարգելի վարչապետ, նրանք սպանել են մեր ընկերոջը` Հրանտ Դինքին: Նրա մահից 5 տարից անց արդարության մեր որոնումները անհաջողությամբ ավարտվեցին: Այն պետությունը, որին մենք հայց էինք ներկայացրել արդարության հասնելու ակնկալիքներով, մարդասպանների կողմն է ընդունել: Մենք մեր բողոքն ենք բարձրացնում այս կապակցությամբ», – նշում են նամակի հեղինակները: