Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ Վարդգես Գասպարիին երեկ ուժով հեռացրել են Հանրապետության հրապարակում ընթացող ռազմական շքերթից:
Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում պատմել է ինքը` Գասպարին:
«Ես ռազմական շքերթի ժամանակ ինձ համար պաստառ էի բարձրացրել, որի վրա գրված էր, որ ծաղր է այն բանակի շքերթը, որտեղ սեփական զինծառայողների գնդակից ավելի շատ մարդ է սպանվում, քան հակառակորդի գնդակից: Ինձ համար կանգնած էի Կառավարության շենքի մոտ, երբ հանկարծ քաղաքացիական հագուստով մեկը եկավ, հարձակվեց ու գողացավ պաստառը: Այդ ժամանակ ես պառկեցի գետնին, ու հայտնվեցին կարմիր բերետավորները՝ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, ինձ քարշ տալով տարան Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ, ու այնտեղից չէին թողնում առաջ գնայի: Օսիպյանը հայտարարում էր՝ հոգեկան հիվանդ ա: Այս կապակցությամբ ես հաղորդագություն եմ պատրաստել հանցագործության մասին, ինչպես նաև առանձին հաղորդագրություն եմ պատրաստում Օսիպյանի այդ արտահայտության համար, որը օրենքի կոպիտ խախտում է»,- ասել է Գասպարին: