Անժելա Սարգսյանի «տղամարդը» լրջագույն խնդիրների առջև է կանգնել հանցագործ աշխարհում, հայտնում է «Ժամանակ» թերթը: Թերթի աղբյուրները հայտնում են, որ մինչև 2011թ. հոկտեմբերի 7-ին խափանման միջոց ընտրվելը, Կարեն Արայանին հանդիպել են քրեական հեղինակություններ և բացատրություն պահանջել իր արարքի համար:
Վերջինս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ իր և Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները մի քանի վայրկյանով տեղադրել է ինտերնետում, որպեսզի անազատության մեջ գտնվող իր ընկերները, որոնց Անժելա Սարգսյանն իբր ասել է, թե Կարենը բռնաբարել է իրեն, հավատան, որ նման բան տեղի չի ունեցել, և իր ու Անժելա Սարգսյանի կապը եղել է փոխադարձ համաձայնությամբ:
Լինելով նախկինում «օրենքով գող» Շուրայի որդին՝ Կարեն Արայանը մինչև վերջերս մտադիր է եղել ապրել «հանցագործ» կյանքով, ինչը ենթադրում է կենսակերպի հատուկ կանոններ, որոնք և խախտվել են այս միջադեպով: Կարեն Արայանի խնդիրներն ավելի են շատացել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ նա պահվում է՝ մեղադրվելով ՀՀ Քրեական օրենսգրքի 144 (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) և 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով, գրում է «Ժամանակ»-ը: