Անցած հանգստյան օրերին աշխարհի բազմաթիվ երկրներում «Գրավի´ր Ուոլ-Սթրիթը» խորագրով բողոքի ակցիաներ են տեղի ունեցել: Սկզբում այդ երկրների թվում էին ԱՄՆ-ն, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Ճապոնիան և Ֆիլիպինները: Բողոքի ալիքը, սակայն, հասնելով Եվրոպա, վերաճեց անկարգությունների: Հռոմի ցուցարարները, երկրի և խոշոր ֆինանսական ընկերությունների տնտեսական քաղաքականությունից վրդովված, մեքենաներ ու շենքեր էին այրում, տասնյակ մարդիկ են տուժել: Լոնդոնում բողոքի ցույցերին է միացել նաև սկանդալային Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջը:
Նյու Յորքում մեկ ամիս առաջ մեկնարկել էր ֆինանսական ինստիտուտների ժլատության դեմ «Գրավիր Ուոլ Սթրիթը» բողոքի ակցիան: Իսկ անցած շաբաթ օրը Թայմզ հրապարակ էին դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ: «Բանկերը գնում են, իսկ մեզ վաճառում», վանկարկում էին ամերիկացիները`անուշադրության մատնելով ուժայինների գործողությունները: Նյու Յորքի ոստիկանությունը, որը շուրջ մեկ ամիս տևող բողոքի ակցիաներին չէր խառնվում, երեկ ձերբակալել է ավելի քան 80 հոգու:
«Գրավե´նք Հռոմը»
Հռոմում բողոքի ակցիան տարբեր գնահատականներով հավաքել է 100-200 հազար մարդ: Պետական ֆինանսական քաղաքականությունից դժգոհ իտալացիները հավաքվում էին ողջ երկրից: «Վե´ր կաց, Եվրոպա» անունը կրող բողոքի ակցիայի ավարտից մի փոքր առաջ հսկայական ամբոխից առանձնացել են մի խումբ երիտասարդներ, որոնք մի քանի մեքենա են այրել, և կոտրել խանութների ցուցափեղկերը:
«Գրավե´նք աշխարհը»
Եվրոպական այլ երկրներում ի պաշտպանություն «Գրավի´ր Ուոլ Սթրիթը» ակցիայի ակտիվիստների տեղի ունեցած բողոքի ակցիաներն առանց զանգվածային միջադեպերի են անցել;
Նշենք, որ հանգստյան օրերին երթեր ու հանրահավքներ տեղի են ունեցել աշխարհի 82 երկրներում`ընդգրկելով մոտ 900 քաղաքներ: