Իռլանդիայի հավաքականի հետ խաղը փոքր եզրափակիչի էր նման: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսօր հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
«Իհարկե, խաղը մի քիչ ցավալի հետք թողեց մեզ վրա: Բայց մենք այս տարի ունեցանք ավելի շատ ձեռքբերումներ, քան բացթողումներ», – ասել է հավաքականի մարզիչը:
Խոսելով ֆուտբոլային աշխարհում հաճախ քննարկվող կրկնապատկերների կիրառման անհրաժեշտության մասին` Մինասյանը կարծիք է հայտնել, որ դա ունի և’ դրական, և’ բացասական կողմեր:
«ՖԻՖԱ-ն կամ ՈՒԵՖԱ-ն զբաղվում են կրկնապատկերների կիրառման հարցով: Գիտեմ, որ որոշները կողմ են, որոշները դեմ են, բայց մի բան կարող եմ ասել, որ հիմա ֆուտբոլը շատ դինամիկ է, արագացել է: Երևի կգա մի պահ, երբ կմտցնեն», – նշել է մեր ընտրանու մարզիչը:
Մինասյանը նաև մեկնաբանել է վերջերս հնչող կարծիքներից մեկն այն մասին, թե հաղթանակած կազմը չեն փոխում: Հիշեցնենք, որ Մակեդոնիայի հետ խաղի համեմատ իռլանդացիների հետ հանդիպմանը Արթուր Եդիգարյանի փոխարեն մեկնարկային կազմում ընդգրկվել էր էդգար Մալաքյանը, իսկ Արթուր Յուսպաշյանի տեղը հանդես է եկել Հրայր Մկոյանը:
«Այն մարզիչներից չեմ, որ առաջնորդվում է այն մտքով, որ հաղթանակած կազմը չեն փոխում: Դա շատ հնում էին անում, իմ կարծիքով: Հիմա տակտիկայի գործոնը շատ մեծ է, դու պետք է պատրաստվես` ելնելով հակառակորդի ուժեղ և թույլ կողմերից, ինչն էլ ես անում եմ: Խաղալ Իռլանդիայի դեմ երկու հենակետային կիսապաշտպանով, ինձ թվում է, սխալ կլիներ, որովհետև մենք մի հոգի հաստատ կկորցնեինք: Հիմնական միտքն այս փոփոխության` ակցենտը դնել կենտրոնից արագ դուրս գալու վրա», – ասել է Մինասյանը:
Անդրադառնալով հավաքականի սելեկցիոն աշխատանքների մասին` Մինասյանը նշել է, որ իր ուշադրության կենտրոնում գտնվող ֆուտբոլիստներից մեկը ռուսաստանյան «Կռիլյա Սովետովի» կիսապաշտպան Ռոման Գրիգորյանն է:
«Ես պատրաստվում եմ հետևել «Կռիլյա Սովետով»-ում հանդես եկող Ռոման Գրիգորյանի խաղին: Սակայն փնտրտուքներ շատ են լինելու: Նույն երիտասարդական հավաքականում կան լավ ֆուտբոլիստներ, նաև ուշադրության կենտրոնում են դրսում հանդես եկող ֆուտբոլիստներ: Դարպասապահի հարցը շատ լուրջ հարց է: Ամենագլխավոր պրոբլեմն է մեր հավաքականի: Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են ու հաստատ մոտ ժամանակներս նորություններ կիմանաք», – նշել է հավաքականի մարզիչը: