Հայաստանի շախմատի հավաքականը Հունաստանի Պորտո Կառասում անցնող եվրոպայի թիմային առաջնությունում հերթական հաղթանակը տոնեց: 7-րդ տուրում մեր ընտրանին 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիայի հավաքականին: Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքիներով ավարտեցին իրենց պարտիաները: Այս անգամ մեր թիմին հաղթանակ բերեց երկրորդ տախտակին սպիտակներով հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը, ով պարտության մատնեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին: Մովսիսյանի համար սա առաջին հաղթանակն էր Հունաստանում:
4-րդ անընդմեջ հաղթանակը հնարավորություն տվեց մեր թիմին 11 միավոր վաստակել և 4-րդ տեղից տեղափոխվել 2-րդ հորիզոնական: Հայաստանցիներից մեկ միավոր ավելի են վաստակել ադրբեջանցիները, ովքեր 7-րդ տուրում անակնկալ խոշոր 3,5:0,5 հաշվով պարտության մատնեցին Բուլղարիայի հավաքականին, որը մինչ այս տուրն ընթանում էր առանց պարտության:
Նշենք, որ մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր: Վաղը Հայաստանի ընտրանին կմրցի Հոլանդիայի հետ, իսկ Ադրբեջանը ուժերը կչափի Գերմանիայի հավաքականի հետ: