Լոնդոնի ոստիկանությունը 173 մարդ է ձերբակալել, որոնց մեջ մեծ թիվ են կազմում «Անգլիայի պաշտպանության լիգա» ազգայնական կազմակերպության համակիրները, հայտնում է Sky News-ը:
Ձերբակալություններն իրականացվել են «Կարմիր առյուծ» գարեջրատան տարածքում, որը տեղակայված է Լոնդոնի կառավարական հաստատությունների համալիրի մոտակայքում: Իրավապահ մարմինները փորձում էին այսպես կոչված «Հաշտության օրը» (նոյեմբերի 11-ը նշվում է որպես Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի օր) կանխել հնարավոր անկարգությունները:
Նախորդ տարի այս օրը Արվեստների և գիտությունների թագավորական սրահի շենքի դիմաց «Մահմեդականները դեմ են խաչակրաց արշավանքներին» կազմակերպության անդամները բողոքի ակցիան էին անցկացրել: Նրանք թղթե կակաչների (այս օրը բրիտանացիներն իրենց հագուստին կարմիր թղթե կակաչներ են փակցնում`ի հիշատակ պատերազմում զոհված զինվորների) ցուցադրական այրում էին իրականացրել:
Այսկերպ շարժման մասնակիցները իրենց բողոքն էին արտահայտել Միացյալ Թագավորության կողմից Աֆղանստանում տարվող պատերազմի դեմ:
Այս տարի մահմեդականները ծրագրում էին նմանատիպ «Դժոխք հերոսների համար» խորագրով ակցիա անցկացնել: