Գերմանիան ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, հայազգի Արթուր Աբրահամի առաջիկա որակավորման մենամարտը նախանշված է 2012 թվականի հունվարի 14-ին Գերմանիայում, հաղորդում է բռնցքամարտիկի մամուլի կենտրոնը:
2-3 որակավորման մենամարտ անցկացնելուց հետո Աբրահամը կրկին կհավակնի աշխարհի չեմպիոնի տիտղոսի նվաճմանը:
Ներկայում Արթուր Աբրահամն իր պրոմոութեր Վիլֆրիդ Զաուերլանդի առաջարկով, մարզական սննդաբանի խորհրդատվությամբ քաշի նվազեցման ծրագիր է անցնում, որը ենթադրում է և’ սահմանափակումներ սննդակարգում, և’ մարզումների ավելացում: Առաջիկա մենամարտի ժամանակ մարզիկը մտադիր է մրցել մինչև 75կգ քաշային կարգում:
Արթուր Աբրահամը համոզված է, որ 2012 թվականին կկարողանա վերանվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
«Հաղթանակները հեշտ չեն տրվում, բայց եթե աշխատասեր ես, գնում ես նպատակներիդ ետևից և անհաջողությունից չես ընկճվում, ապա հաղթանակն անխուսափելի է: Ես նորից կվայելեմ հաղթանակի բերկրանքը` ձեռք բերելով այն, ինչ կորցրել եմ»,- Աբրահամի մամուլի ծառայության հաղորդմամբ հայտարարել է բռնցքամարտիկը: