Ուկրաինական Դոնեցկ քաղաքում ժամանակին Չերնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքների վերացման վրա աշխատած ավելի քան 40 թոշակառուներ անժամկետ հացադուլ են հայտարարել: Նրանք պահանջում են կառավարությունից ապահովել իրենց թոշակների վճարման ողջ ծավալը:
Ավելի քան 40 չերնոբիլցիներ զբաղեցրել են Դոնեցկի Կենսաթոշակային ֆոնդի նիստերի դահլիճը: Նրանք հայտարարել են, որ չեն լքի հաստատությունը մինչև կառավարությունը թոշակների նախկին չափը վերականգնելու մասին որոշում չկայացնի: Նշենք, որ Ուկրաինայի նախարարների կաբինետի որոշման համաձայն, նրանց թոշակների չափը կրճատվել է 5-6 անգամ: Այն բանից հետո, երբ նահանգապետի, շրջանային դատախազի և ոստիկանության հետ բանակցություններն ապարդյուն են եղել, մի քանի տասնյակ բողոքողներ անժամկետ հացադուլ են հայտարարել և պահանջել են հանդիպում կազմակերպել վարչապետ Նիկոլայ Ազարովի հետ:
Ինչպես լրագրողներին պատմել է «Չերնոբիլ-միասնականություն» կազմակերպության ակտիվիստներից մեկը, իրավապահ մարմինների ներկայացուցիչները ոչ ոքի թույլ չեն տալիս մտնել հաստատություն և սպառնում են քրեական գործ հարուցել ակցիայի կազմակերպիչների դեմ: Այդուհանդերձ, ևս 218 հոգի` ոչ միայն չերնոբիլցիներ, այլև աֆղանցի վետերաններ, որոնք նույնպես պահանջում են բարձրացնել իրենց թոշակները, հայտարարել են հացադուլին միանալու իրենց պատրաստակամության մասին և հիմա վրաններ են տեղադրում Կենսաթոշակային ֆոնդի շենքի դիմաց: