Նոյեմբերի 24-ին Հրազդանի քաղաքացիական նախաձեռնության խումբը անցկացնելու է աշխատանքային հանդիպում` կապված Հրազդանի երկաթահանքի շահագործման հետ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին այդ երկաթահանքի մոտ հրազդանցիները զանգվածային միջոցառում են անցկացրել, որի ժամանակ նրանք ի նշան բոողքի` նույնիսկ շրջել են հանքավայրից վերցրած փորձանմուշների արկղերը:
Հրազդանի քաղաքացիական նախաձեռնության խմբի ներկայացուցիչ, Հայ Ազգային Կոնգրեսի Հրազդանի շտաբի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ նոյեմբերի 24-ին իրենք հավաքվելու են աշխատանքային խմբով և որոշելու են հետագա անելիքները:
«Այս հանդիպմանը մասնակցելու են նաև Հայ Ազգային Կոնգրեսի Հրազդանի ներկայացուցիչները, և «Թռչկանի ջրվեժի» (ակտիվիստներ, որոնք պայքարում էին Թռչկանի ջրվեժի պահպանման համար – խմբ.) խմբի ներկայացուցիչները: Այս պահին թեև հանքավայրի աշխատանքները շարունակվում են, բայց աշխատող մեխանիզմների մի մասն ակցիայից հետո հավաքել են»,- ասել է Մեսրոպ Մեսրոպյանը:
Հիշեցնենք, որ հրազդանցիները բողոքում են ընդդեմ Հրազդանի երկաթի հանքի շահագործման: Բնապահպանների գնահատմամբ, բաց եղանակով հանքի շահագործումը կարող է Հրազդան քաղաքը զրկել խմելու ջրից: