Չի բացառվում, որ «Նաիրիտ» գործարանից գողացված փողերն աշխատեցվում են ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի և, մասնավորապես, Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցության (ՀՌԱԿ) դեմ որպես հակաքարոզչություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին կայացած ասուլիսի ընթացքում Հարություն Առաքելյանը մեղադրել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին 2006 թվականին «Նաիրիտ» գործարանի վաճառքի գործարքն իրականացնելու ժամանակ 31 միլիոն դոլար յուրացման մեջ:
Որպես հակաքարոզչության օրինակ նա խոսել է ՀՌԱԿ-ից հեռացված Էդուարդ Անտինյանի և «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի մասին և այդ առնչությամբ ներկայացրել է ՀՌԱԿ-ի տարբեր կառույցների ղեկավարների ստորագրությմաբ համատեղ հայտարարությունը:
«Մենք` ՀՌԱԿ Շրջանակների ատենապետներս և հանրապետական վարչության անդամներս, հայտարարում ենք, որ մամուլից տեղեկացանք, որ ս.թ. դեկտեմբերի 1-ին ՀՌԱԿ-ից վտարված Էդուարդ Անտինյանը և Սփյուռքի կառույցից վտարված Հակոբ Ավետիքյանը համատեղ կազմակերպել են ինչ-որ կուսակցությունների միավորման գործընթաց: Պաշտոնապես հայտարարում ենք, որ որևէ քննարոկւմ չի կազմակերպվել որևէ կուսակցության հետ միավորվելու կապակցությամբ, քանի որ միավորվելու որևէ առաջարկ չի ստացվել ՀՌԱԿ ղեկավարության անունով: Նմանատիպ միջոցառումերը համարում ենք թրքաբարո գործողություն և հանրությանը ապատեղեկատվություն տարածելու փորձ», – մասնավորապես ասված է հայտարարության մեջ:
Առաքելյանը տեղեկացրել է, որ Անտինյանը 2011 թվականի մարտի 18-ին գրանցել է իր ատենապետությունը Արդարադատության նախարարությունում` կեղծելով իրենց քարտուղարի ստորագրությունը:
Առաքելյանի խոսքով` Անտինյանը ներկայացրել է համագումարի արձանագրության քաղվածք և ստացել է ատենապետի լիազորություններ այն պարագայում, երբ արձանագրություն ընդհանրապես չի կազմվել առաջին նիստին, հետևաբար չէր կարող լինել քաղվածք:
«Երեկ, ովքեր «Արմենիա» հյուրանոցում ներկա էին ֆուրշետին (կազմակերպվել էր Անտինյանի կողմից – խմբ.), մի բան ինձ հուշեցին, որ այդ ֆուրշետից ահավոր կաուչուկի հոտ էր գալիս, չէր էլ լինում ուտել: Ավետիքյանը տարիներ շարունակ ֆինանսական խնդիրներ ունի, տպարաններին պարտք ունի, Անտինյանը, որ տասը տարուց ավելի ոչ մի տեղ չի աշխատում, եկել ա ամենաթանկ տեղը` «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ճոխ-ճոխ միջոցառում է կազմակերպում: Վարչապետը ուղարկում է հեռուստատեսություններ, տեսնում եք, այստեղ (նկատի ունի իր այսօրվա ասուլիսը – խմբ.) առանձնակի հեռուստատեսություններ չկան, ուղարկում է հեռուստատեսություններ շոու են կազմակերպում և մի բան էլ վերջում ֆուրշետ», – հայտարարել է Առաքելյանը:
Նշենք, որ ՀՌԱԿ-ի ատենապետի պաշտոնի համար պայքարը 2011թ. ընթանում է Առաքելյանի և Էդվարդ Անտինյանի միջև: Հունվարի 20-ին Առաքելյանը հրաժարվել էր ատենապետությունից` այն զիջելով Անտինյանին, իսկ օգոստոսի համագումարի ժամանակ Առաքելյանը կրկին ընտրվել է ատենապետ, իսկ Անտինյան հեռացվել կուսակցությունից: Վերջինս ՀՌԱԿ-ի համագումարը ապօրինի էր անվանել` ասելով, որ Առաքելյանը ինքնահռչակ ատենապետ է: