Home / Հայաստան / Աղբամանները` ապրուստի միջոց. Մուրացիկ կինը չի պատրաստվում հրաժարվել իր հիվանդ երեխայից

Աղբամանները` ապրուստի միջոց. Մուրացիկ կինը չի պատրաստվում հրաժարվել իր հիվանդ երեխայից

Ի ծնե պերինատալ էնցեֆալոպաթիայով տառապող փոքրիկ Իսահակն ու նրա մայրը գրեթե ամեն օր Նոր Խարբերդից Երևան են գալիս հնամաշ շորեր, կոշիկներ, պլաստմասե շշեր, տարատեսակ հնոտիներ, սնունդ և առաջին անհրաժեշտության իրեր աղբամաններում փնտրելու համար:

«Դեռևս վաղ գարնանից սկսում եմ մտածել ձմռան վառելիքի մասին: Ամբողջ տարվա ընթացքում  հավաքում եմ ամեն բան, ինչը հնարավոր է որպես վառելիք օգտագործել: Ապրում ենք աննկարագրելի վատ պայմաններում, օրերով ստիպված ենք լինում առանց հացի ու ջրի մնալ: Վագոն-տնակն էլ անմխիթար վիճակում է: Կտուրը  ու պատերը նորոգման կարիք ունեն, սակայն զուրկ լինելով տարրական միջոցներից, ստիպված եմ դիմանալ, – Epress.am-ի հետ զրույցում ասել  է Հասմիկ Դավթյանը:

Միայնակ մայրը պատմում է, որ հաշմանդամ որդու հետ գումար է մուրում մայրաքաղաքի սուպերմարկետների տարածքում ու գետնանցումներում:

«Գումար վաստակելու միակ միջոցը մնացել է մուրացիկությունը: Աշխատելու մասին խոսք լինել չի կարող, քանի որ երեխաս մշտապես հետս է: Մանկապարտեզում ասացին, որ Իսահակը  չի կարողնում շփվել մյուս երեխաների հետ և նրան չընդունելու մի շարք պատճառներ բերեցին: Երեխաս ստացիոնար  բուժման կարիք ուներ, սակայն  հիվանդանոցում մեզ չընդունեցին՝ պատճառաբանելով, որ գումար ու խնամող չունենք», – պատմել է նա:

Չնայած ծայրահեղ թշվառ վիճակին, աղբամաններից սնունդ հայթայթող մայրը որդուն խնամելու համար պատրաստ է ամեն զոհողության: Նրան բազմիցս առաջարկել են որդուն մանկատուն հանձնել և ազատվել այդ «ծանր բեռից»:

«Երբևէ չեմ մտածել երեխայից ազատվելու մասին, նման բան չի կարող լինել: Միակ հույսս այն է, որ կգտնվի որևէ մեկը, ով ցանկություն կունենա ինչ-որ կերպ օգնել մեզ: