Եգիպտացի դիվանագետ և հասարակական գործիչ, Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության նախկին ղեկավար, 2005 թվականի աշխարհի խաղաղության Նոբելյան մրցանակակիր Մուհամեդ էլ-Բարադեյը մեկնաբանել է Եգիպտոսում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը` «մեծ ցավով փաստելով, որ եգիպտական լիբերալիզմի վերջը եկել է»:
Նշենք, որ ընտրությունների առաջին փուլի արդյունքում ընտրողների քվեների 65%-ը հավաքել է իսլամիստական «Մահմեդական եղբայրներ» շարժումը, ևս 24% աջակցություն է ստացել ուլտրապահպանողական «Էլ Նուր» կուսակցությունը:
The Associated Press-ի հետ զրույցում Բարադեյն ասել է. «Երիտասարդությունը խորը հիասթափություն է ապրում: Հեղափոխության նպատակներից և ոչ մեկը չիրագործվեց: Նրանք չկարողացան կազմակերպված զանգված դառնալ: Նրանք ջախջախված են»:
Բարադեյը նշել է, որ իսլամիստների հաղթանակի ծավալներն անգամ իրենց է ապշեցրել: «Արդյունքները ուրախալի չեն: Շատերը պարզապես վախ են զգում ապագայի նկատմամբ»:
Ժողովրդավարության համար մղվող պայքարի ջատագովը կարծում է, որ ամեն ինչում մեղավոր է բանակը և երկիրը ղեկավարող զինվորական խունտան, «որը չկարողացավ կառավարել երկիրը անցումային շրջանում»: