Ազգային ժողովում պաշտոնանկությունները կարգավորվում են Սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով. եթե որևէ անձ ցանկանում է հրաժարականի դիմում ներկայացնել, Սահմանադրությամբ ընթացակարգը պահպանվում է: Այսօր խորհրդարանում, արձագանքելով լրագրողի այն հարցին, որ ԱԺ-ի պաշտոնանկությունների մասին որոշումները կայացվում են ոչ թե խորհրդարանաի պատերի ներքո, այլ նախագահական նստավայրում, նման խուսափողական պատասխան է տվել ԱԺ խոսնակի պաշտոնակատար, Հանրապետական կուսակցության անդամ Սամվել Նիկոյանը:
«Դա բացատրելի է, և որևէ պաշտոն որևէ անձի համար հավերժ չէ», – նշել է նա:
Լրագրողները նաև հարցրել են Նիկոյանին, թե ինչու հենց իր թեկնածությունն է առաջադրվել ԱԺ-ի խոսնակի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո, որին ի պատասխան Նիկոյանն ասել է.
«Կուսակցությունն է որոշում` ում առաջադրել, կուսակցությունը որոշել է առաջադրել ինձ, բայց ԱԺ նախագահին քվեարկությամբ որոշում են պատգամավորները»:
Նշենք, որ ԱԺ նախագահի ընտրությունները կայացել են այսօր 12:30-ին: Ներկայացված էին երկու թեկնածուներ` Սամվել Նիկոյանը և «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը:
Քվեարկությունն արդեն ավարտվել է, իսկ արդյունքները կհրապարակվեն 14:30-ին: Այդ գործընթացը զուտ ֆորմալ բնույթ է կրում, քանի որ ՀՀԿ-ն մեծամասնություն ունի խորհրդարանում: