Հայ Ազգային Կոնգրեսը չորս տարի շարունակ մեծացրել է ազատության սահմանները երկրում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Շնորհիվ այս շարժման ճնշման իշխանությունների վրա, լուրջ առաջընթաց ենք արձանագրել քաղաքացիական ազատությունների վերականգնման գործում», – հայտարարել է Զուրաբյանը:
Նա անդրադարձ է կատարել վաղը ՀԱԿ-ի կողմից հրավիրված երթին, որն անցկացվում է դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
«Դա արդեն ավանդական դարձած երթ է, չորս տարի շարունակ մենք անցկացնում ենք այն Մարդու իրավունքների միջագային օրվա կապակցությամբ: Այս անգամ շեշտը դնելու ենք սեփական իշխանություն ընտրելու իրավունքի հաստատման վրա, և երթի հիմնական առանցքը դառնալու է այդ կարգախոսը»,- ասել է ՀԱԿ համակարգողը:
Նա նաև տեղեկացրել է, որ ընդդիմության համակիրները սկզբում կհավաքվեն Ազատության հրապարակում և, մի քանի ելույթից հետո, Մաշտոցի պողոտայով կշարժվեն դեպի Մյասնիկյանի արձան և այնտեղից Նալբանդյանով նորից կվերադառնան Ազատության հրապարակ: