Home / Հայաստան / «Հայռուսգազարդը» դատական հայց է ներկայացրել ընդդեմ փորձագետի

«Հայռուսգազարդը» դատական հայց է ներկայացրել ընդդեմ փորձագետի

Գազի փորձագետ Արթուր Ղազարյանը, որը «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի հետ զրույցում բարձրաձայնել է «Հայռուսգազարդ» ընկերության մատուցած ծառայությունների, մասնավորապես, կասկածներ հայտնել գազի որակի, դրա կալորիականության մասին, օրերս դատարանից ծանուցագիր է ստացել, հայտնում է «ՉԻ»-ն:

«Հայռուսգազարդը» հայց է ներկայացրել ընդդեմ Արթուր Ղազարյանի` ընկերության գործարար համբավն արատավորող տեղեկություններ տարածելու համար:

 

«Չի» տեղեկություններով` դատարանը «Հայռուսգազարդի» հայցը վարույթ է ընդունել:

Թերթի այն հարցին, արդյոք գումարային պահանջ կա հայցի հիմքում,  «Հայռուսգազարդի» հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչության  ղեկավար Շուշան Սարդարյանն ասել է, որ հայցի մանրամասներին չի տիրապետում, չնայած հարկ եղած դեպքում պատրաստ է դրա մասին պարզաբանումներ ներկայացնել:

Դատական նիստերը կկայանան Էջմիածին քաղաքում, այս գործով դատավոր է նշանակվել Նաիրա Գրիգորյանը, որի հոր և եղբոր հետ Արթուր Ղազարյանը ոչ վաղ անցյալում խնդիրներ է ունեցել` կապված մի հողատարածքի հետ, գրում է թերթը: