Home / Հայաստան / «Ջան-ջիգյարով ենք բաժանվել». Սյունիքի մարզպետը համոզված է` «ճպուռը քաղցր խոսք ա»

«Ջան-ջիգյարով ենք բաժանվել». Սյունիքի մարզպետը համոզված է` «ճպուռը քաղցր խոսք ա»

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «ճպուռ» բառի մեջ վատ բան չի տեսնում: Այս մասին նա ասել է «Երկիր» օրաթերթի հետ զրույցում։ Թերթի դիտարկմանը, թե դա վիրավորական է, մարզպետը պատասխանել է. «ճպուռ է՝ ճպուռ ասեցի, ինչ կա դրա մեջ, վիրավորական ի՞նչ կա, չեմ հասկանում, ճպուռը քաղցր խոսք ա, վիրավորականի բան չկա»։

Քաջարան կատարած այցի ժամանակ բնապահպան ակտիվիստները հանդիպել էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, ով զրույցի ընթացքում նախ սպառնացել է ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին` «հանգստացի… մի քիչ քեզ սթափ պահի, նայի բան չլինի քեզ հետ», իսկ հետո վիրավորել ակտիվիստներից մեկին` ասելով. «Այ ճպուռ, քիչ խոսա»:

Սուրիկ Խաչատրյանը թերթի հետ զրույցում, սակայն, հերքեց, որ հանդիպման ժամանակ լարվածություն է եղել, իսկ անդրադառնալով «նայի՝ քեզ վատ բան չլինի» արտահայտությանը, մեկնաբանեց. «Ասում էր տարածքի էկոլոգիան վատ ա, էս ա, էն ա, ես էլ ասեցի՝ նայի՝ քեզ վատ բան չլինի։ Միտինգ էր անում, ես էլ ասեցի՝ նայի՝ քեզ բան չլինի։ Ամոթ իրենց, եթե կասեն, թե սպառնացել եմ։ Մենք ջան-ջիգյարով ենք իրարից հեռացել, ես իրանց ցտեսություն եմ արել և ասել, որ եթե խնդիր կունենաք՝ կդիմեք ինձ»։