Home / Հայաստան / Մանկապիղծ Տեր-Պողոսյանը բողոքարկել է վճիռը. նրա առողջական վիճակը վատանում է

Մանկապիղծ Տեր-Պողոսյանը բողոքարկել է վճիռը. նրա առողջական վիճակը վատանում է

Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանը վերաքննիչ դատարանում բողոքարկել է իրեն մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտելու մասին Լոռու մարզի դատարանի վճիռը:

Այդ մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է Տեր-Պողոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը։ Տեր-Պողոսյանն ու նրա պաշտպանը պահանջում են բեկանել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և նրան արդարացնել Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները), այսինքն՝ ամբողջությամբ։

Հովհաննիսյանն ասել է, որ իրենց բողոքը դեռևս վարույթ չի ընդունվել։ Ըստ նրա, օր օրի վատանում է Տեր-Պողոսյանի առողջական վիճակը, նա տառապում է աղիքային անանցանելիությամբ և լուրջ բուժման կարիք ունի։

Տեր-Պողոսյանի պաշտպանները միջոցներ են ձեռնարկում, որ նրան բուժման տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց։ Առաջիկա օրերին սպասվում է բժշկական հանձնախմբի եզրակացությունը, որի հիման վրա էլ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը համապատասխան որոշում կկայացնի։