Home / Հայաստան / Արսեն Սաֆարյանն ու Ծաղկաձորը ըննդեմ Պրահայի ու Խուրգադայի. Որն է ավելի էժան

Արսեն Սաֆարյանն ու Ծաղկաձորը ըննդեմ Պրահայի ու Խուրգադայի. Որն է ավելի էժան

Հայաստանյան առողջարաններում և բարձրակարգ հյուրանոցներում Ամանորի տոներն ացկացնելու համար սահմանված գները մի քանի անգամ բարձր են, քան գները Չեխիայի, Վրաստանի կամ Եգիպտոսի նույնանման հաստատություններում: Epress.am-ը համեմատել է հայաստանյան և արտասահմանյան հյուրանոցների գները` պարզելով, որ երբեմն ավելի էժան է Ամանորն անցկացնել արտասահմանում (անգամ ճանապարհածախսի հաշվարկը ներառյալ), քան Հայաստանում:

Հայաստանյան  հյուրանոցներն իրենց այցելուներին առաջարկում են Ամանորյա փաթեթներ, որոնց գինը հիմնականում սկսվում է 450 հազար դրամից:

Մասնավորապես, Աղվերանի «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցն իր այցելուների համար  դեկտեմբերի 31-ից մինչ հունվարի 3-ն  առաջարկում է ծառայությունների հետևյալ փաթեթը՝  480.000 դրամ՝ երկու անձի համար՝ ներառյալ  տարեմուտի գիշերվա բանկետն ու շոու-ծրագիրը: Հունվարի 1-ին՝ բանկետ, 2-ին՝ նախաճաշ, իսկ երեկոյան ճաշին հյուրերը կունկնդրեն «Ռեինկարնացիա» խմբի կատարումները:

Բոլոր  օրերին հյուրանոցի այցելուների համար կգործեն ծածկված լողավազանը, մարզասրահը, սաունան, թենիսը, բիլիարդը, մանկական ակումբը:

«Արթուրս Աղվերան Ռեզորթ»-ն այս օրերի համար հրավիրել է նաև Կամերային  թատրոնի դերասաններին ու երգիչ Արսեն Սաֆարյանին:

Ջերմուկի «Արմենիա» առողջարանում մեկ անձի 7-օրյա տոնական հանգիստն արժե 270.000 դրամ, մինչև 5 տարեկան երեխան՝ անվճար, 5-12 տարեկան երեխաների համար սահմանված է զեղչ՝ 5-10%:

Հունվարի 3-ից այցելուները կարող են օգտվել առողջարանի բուժծառայություններից, որոնք ներառված են Ամանորյա փաթեթի մեջ:

Հանքավանի «Անի» հյուրանոցային համալիրը  դեկտեմբերի 31-ից հունվարի  5-ը առաջարկում է 500.000 և 550.000 դրամ արժողությամբ երկտեղանոց սենյակներ՝ ներառյալ տոնական միջոցառումներն ու սնունդը:

Հյուրանոցային համալիրն հյուրերին առաջարկում է նաև չորստեղանոց քոթեջներ՝ 900.000 դրամ արժողությամբ:

Գործելու են նաև ֆիթնես դահլիճը, լողավազանը: Ցանկացողները կարող են նաև սեղանի թենիս ու սեղանի ֆուտբոլ խաղալ:

Ծաղկաձորի «Սպորտային համալիրը» դեկտեմբերի 31-ից հունվարի 5-ը երկու անձի համար առաջարկում է մեկսենյականոց համարներ՝  450.000 դրամով՝  ներառյալ երեքանգամյա սնունդը: Երկու անձի համար առաջարկվող երկսենյականոց համարները կարժենան 500.000 դրամ:

Համեմատաբար մատչելի են գները «Արզնի» առողջարանում, որտեղ դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը առաջարկում են մեկ և երկու տեղանոց սենյակներ՝ 140.000 դրամով: Հունվարի երկուսից առողջարանում հանգստացողները կարող են նաև բուժումներ ստանալ, որոնք ներառված կլինեն ամանորյա փաթեթում:

Համեմատության մեջ մատչելի կարելի է անվանել նաև Ջերմուկի «Նաիրի» հյուրանոցը, որտեղ հնգօրյա Ամանորյա փաթեթը մեկ անձի համար սահմանում է 125.000 դրամ՝ երեքանգամյա սնունդով: Ամանորյա հյուրեր Ձմեռ Պապն ու Ձյունանուշը կզվարճացնեն հյուրերին ողջ երեկոյի ընթացքում:

Ի դեպ, «Նաիրի» հյուրանոցային համալիրից Epress.am-ին տեղեկացրել են, որ դեռևս մեկ ամիս առաջ հյուրանոցի  բոլոր համարները նախապես պատվիրվել են, և այս պահի դրությամբ հյուրանոցում ազատ համար չկա:

Սևանի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում ամանորյա փաթեթներ չեն  գործելու: Ամանորյա գիշերը շոու-ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են պատվիրել աթոռը նախկին 40.000 դրամի փոխարեն 30.000 դրամով: Հյուրանոցային համալիրից Epress.am-ին հայտնել են, որ այս տարի լրանում է «Հարսնաքար»-ի 10-ամյակը,  ինչով էլ  պայմանավորցած է գնի իջեցումը: Համարների գները տարբեր են՝ 55.000-ից մինչև 100.000 դրամ: Ի դեպ, 100.000 դրամ արժողություն ունեն VIP սենյակները:

Տոնական օրերին հյուրերին կզվարճացնեն աճպարարները ու ելույթ կունենան հրավիրված երգիչները:

Հյուրանոցային համալիրից Epress.am-ին նաև տեղեկացրել են, որ այս օրերին շատ դժվար է ազատ համարներ ձեռք բերել, քանի որ համարները նախօրոք արդեն պատվիրված են, և ցանկացողները պետք է նախապես հայտ ներկայացնեն: Նրանք ավելացրել են, որ այս տարի իրենց հյուրերի մեջ մեծ թիվ են կազմում  հայաստանցիները:

Ծաղկաձորի  «Մուլտի Ռեստ Հաուս» հանգստյան տանը դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը երկու անձի համար պահանջվելու է 720.000 դրամ՝  երեքանգամյա սնունդով:

Ամեն երեկո հյուրերի համար կկազմակերպվեն շոու-ծրագրեր, կգործեն լողավազանն ու մարզասրահը: Անվճար տրանսպորտը ցանկացողներին կտեղափոխի ճոպանուղի:

Անհամեմատ ավելի էժան են հյուրանոցները Չեխիայի մայրաքաղաք Պրահայում: Քաղաքի կենտրոնին մոտ գտնվող 5 աստղանի «Կորինտիա Թաուերս» հյուրանոցում դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում երկու հոգու համար սենյակը (նախաճաշը ներառյալ) արժե 688 եվրո` մոտ 344 հազար դրամ:

Էլ ավելի մատչելի են քաղաքի կենտրոնում գտնվող 4 աստղանի հյուրանոցները, որոնցում նույն ժամանակահատվածի համար հնարավոր է սենյակ վարձել 500-ից 600 եվրոյով, այսինքն` 250 հազարից 300 հազար դրամով:

Հյուրանոցային գներն ավելի էժան կլինեին, եթե դրանք պատվիրվեին ոչ թե հիմա, այլ, օրինակ, մեկ ամիս առաջ: Նախապես պատվիրելու դեպքում մոտավորապես 450 հազար դրամ կարժենային նաև երկու հոգու համար ինքնաթիռի տոմսերը: Եթե դրան գումարենք նաև 120 եվրո (60 հազար դրամ) վիզաների արժեքը երկու մարդու համար, ապա կստացվի, որ 760 հազար դրամով կարելի է հոգալ երկու մարդու չվերթը, հյուրանոցը (7 օր, 6 գիշեր) և մուտքի արտոնագրերի գումարները:

Էլ ավելի էժան կարելի է հանգստանալ Եգիպտոսում: Խուրգադա հանգստավայրի հինգաստղանի «Pyramisa Blue Lagoon Resort» շքեղ հյուրանոցում դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը երկուտեղանոց համարն արժե օրական 128 դոլար (մոտ 50000 դրամ) «ամեն ինչ ներառված է» սկզբունքով, այդ թվում` անվճար տեղափոխումն օդանավակայանից հյուրանոց և հակառակը:

Հայաստանյան հյուրանոցներից մատչելի են նաև գները Վրաստանի հանգստավայրերում, մասնավորապես, Բակուրիանիի հյուրանոցներում երկու անձի համար սենյակը երեքանգամյա սնունդով տատանվում է 50-ից 100 դոլար (մոտավորապես 20-40 հազար դրամ):

Ծաղկաձորի լուսանկարը` noyantour.am-ից