Այս պահին Իսրայելի խորհրդարանի` Քնեսեթի կրթության, մշակույթի և սպորտի հարցերով հանձնաժողովի նիստում քննարկվում է Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը: Epress.am-ն օնլայն հետևում է մասնակիցների ելույթներին:
13:15 «Ադրբեջան-Իսրայել» միջազգային ասոցիացիայի կառավարման անդամ Յանա Սալման.
Իսրայելը չպետք է ճանաչի հայերի Ցեղասպանությունը: Հայերը օգտագործում են մոտ 100 տարվա վաղեմություն ունեցող իրադարձությունները քաղաքական նպատակներով: Ես չեմ բացառում, որ Օսմանյան կայսրության օրոք բազմաթիվ հայեր են մահացել, բայց խոսքը գնում էր ռազմական գործողությունների մասին, իսկ շատ հայեր դե ֆակտո «հինգերորդ շարասյուն» էին, այդ իսկ պատճառով թուրքերը որոշեցին վտարել նրանց զբաղեցրած բնակավայրերից:
13:00 Իսրայելում «Հայ Դատի» ներկայացուցիչ Ժորժետ Ավագյան. Եթե Իսրայելը ճանաչեր Հայոց Ցեղասպանությունը, Թուրքիան կսկսեր ավելի շատ հարգել Իսրայելին, չէ՞ որ Իսրայելը իր հերթին կապացուցեր իր անկախությունն ու ուժը: Հույս ունեմ, որ Ցեղասպանությունը կճանաչվի, որպեսզի հպարտանամ իմ երկրով` Իսրայելով:
12:45 Քնեսեթի խոսնակ Ռեուվեն Ռիվլին. Անկարայի և Երևանի միջև տարաձայնությունները չպետք է ջնջեն պատմական փաստերը, քանի որ հնարավոր չէ վիճարկել 96 տարի առաջ տեղի ունեցած խաղաղ հայ բնակչության զանգվածային սպանդի փաստը: Այդ փաստի ճանաչումը ոչ մի կապ չունի ներկայիս Թուրքիայի հետ. խոսքը գնում է պատմական փաստի մասին: Չնայած նրան, որ ես չեմ թաքցնում իմ հայացքները, Թուրքիան երբեք չի մտածել ինձ «պերսոնա նոն գրատա հայտարարել»:
12:30 «ՄԵՐԵՑ» կուսակցության պատգամավոր Զախավա Գալյոն. Հայերի Ցեղասպանությունն անհրաժեշտ է դպրոցում ուսումնասիրել, հրեա ազգն առաջինը պետք է ճանաչի անցյալի ողբերգությունները:
Ցեղասպանության ընդունումը չի փչացնի Թուրքիայի հետ հարաբերությունները: