Home / Հայաստան / Բակո Սահակյանը չի՞ կարողացել բանակի խնդիրներին նվիրված քննարկումն ավարտին հասցնել

Բակո Սահակյանը չի՞ կարողացել բանակի խնդիրներին նվիրված քննարկումն ավարտին հասցնել

Անցած տարվա վերջին աշնանային զորակոչը (ավարտվում է դեկտեմբերին) Ղարաբաղում գրեթե տապալման եզրին է եղել, նախատեսված ժամին գրեթե ոչ ոք չէր ներկայացել զինկոմիսարիատ, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը։

Ըստ թերթի տեղեկությունների, այդ փաստն այնքան է հունից հանել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, որ վերջինս նույնիսկ ԱԱԾ աշխատակիցներին է հրահանգել ողջ Ստեփանակերտով փնտրել, գտնել և մեկ տեղում հավաքել բոլոր զինակոչիկներին։

Թերթը գրում է, որ երբ Սահակյանը հանդիպել է վերջիններիս հետ և փորձել է իմանալ, թե ինչի նրանք չեն ներկայացել զինկոմիսարիատ, ապա բավական ուշագրավ պատասխաններ է ստացել։ Մասնավորապես, պարզվել է, որ ծանուցագրերից որոշները ուղարկվել են հասցեատերերին առանց ներկայանալու ժամը նշելու։ Իսկ զինակոչիկներից մեկն էլ ուղիղ հայտարարել է, որ ինքը րնտանիքի միակ աշխատողն է և չի պատրաստվում ընտանիքն անհաց թողնել, գնալ ծառայության, իսկ ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի կինն էլ թանկարժեք ավտոմեքենաներ վարի։

«ՉԻ»-ն գրում է, որ այս հանդիպումից հետո Բակո Սահակյանը իր մոտ է հավաքել բանակի հրամկազմին և բացատրություններ պահանջել։

«Սակայն Սահակյանին, որը թեև ԼՂՀ նախագահն է, բայց այնքան էլ չի վերահսկում բանակը, չի հաջողվել նույնիսկ քննարկումն ավարտին հասցնել։ Հավաքի կեսից Մովսես Հակոբյանը լքել է դահլիճը՝ նշելով, թե ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իրեն կանչում է», – գրում է օրաթերթը։