Երեկ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ցուցարարները բախվել են ոստիկանության հետ, ինչի հետևանքով 13 մարդ վիրավորվել է: Ռումինիայի կառավարությունը դեպքի առնչությամբ արտակարգ հանդիպում է հրավիրել` քննարկելու համար ճգնաժամից դուրս գալու ուղիները, տեղեկացնում է AP-ն:
Ցույցերը Ռումինիայում սկսվել են հինգշաբթի. փողոց դուրս եկած մարդկանց բողոքի պատճառը սոցիալական խնդիրներն են: Նրանք բողոքում են աշխատավարձերի կրճատումից, կոռուպցիայից, հարկերի բարձրացումից: Բողոքների համար ֆորմալ պատճառ է հանդիսացել առողջապահության համակարգի վերաբերյալ ընդունված նոր օրենքը, որի հետևանքով աշխատանքից ազատվել է պաշտոնյաներից մեկը, ով չէր համաձայնել օրինագծի հետ:
Երեկ Բուխարեստի փողոցներում լարվածություննը զգալի մեծացել է: 1000-ից ավելի ցուցարարներ հակակառավարական կարգախոսներ են վանկարկել` պահանջելով նաև երկրի նախագահ Տրայան Բասեսկուի հրաժարականը: Բողոքի ակցիաներ են կազմակերպվել նաև Ռումինիայի այլ քաղաքներում:
Նշենք, որ կառավարությունն արդեն հետ է կանչել խնդրահարույց օրինագիծը: Այսօր սկսվելու են նոր օրինագծի շուրջ քննարկումները: