Էլեկտրոնային Վիքիպեդիայի անգլալեզու տարբերակի ընթերցողները հունվարի 18-ին չեն կարողանա օգտվել ինտերնետային հանրագիտարանից, քանի որ այն 24 ժամով արգելափակվելու է` ի նշան բողոքի Միացյալ Նահանգների Կոնգրեսում առաջարկված օրենսդրական փոփոխությունների դեմ:
Երկու նոր օրինագծերը` Դադարեցնել առցանց գրագողությունը (SOPA) և Պաշտպանենք միջինտերնետային արձանագրությունը (PIPA), կոչված են պայքարել համացանցային ամենաթողության դեմ: Վիքիպեդիայի տնօրենների խորհուրդը, սակայն, համաձայն չէ այս օրինագծի հետ: Այդ իսկ պատճառով նրանք որոշել են իրենց բողոքի ձայնը բարձրացնել` կայքը մեկ օրով արգելափակելով: Այս որոշման մասին Վիքիպեդիա կայքում գրել է Վիքիմեդիա հիմնադրամի գործադիր տնօրեն Սյու Գարդները:
«Սովորողներ, ձեր տնային հանձնարարություններն այսօր կատարեք, վաղը Վիքիպեդիան չի գործի»,- գրված է կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Գարդները նշում է, որ եթե համապատասխան օրինագիծն ընդունվի ԱՄՆ Կոնգրեսի կողմից, դա լուրջ վնաս կհասցնի ազատ և բաց ինտերնետին, այդ թվում` Վիքիպեդիային:
Անգլալեզու Վիքիպեդիան առաջին անգամ է նման բնույթի հասարակական բողոք բարձրացնում:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի մարդիկ վստահեն Վիքիպեդիային, և ոչ թե անհանգստանան, որ որևէ մեկը փորձում է քարոզչություն կիրառել նրանց նկատմամբ»:
Նշենք, որ օրինագծին կողմ են հանդես գալիս Հոլիվուդյան խոշոր ընկերությունները, որոնք մեծապես տուժում են պիրատական գործողություններից: